Հանրագիտարան

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուգքյարյան) ծնվել է 1884թ. ապրիլ 20-ին: 20-րդ դարի արևմտահայ անվանի բանաստեղծ է։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանությունն է։
Հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանն իր մանկությունն ու պատանեկությունը հետագայում հիշում է այսպես՝ «Ծնած եմ 1884թ.-ին Սեբաստիո մոտ՝ Բրգնիկ գյուղը, ուր աճած է մանկությունս՝ ուռենիներուն տխուր հովանիին տակ երազկոտ կամ գետեզերքներուն վրա բադերուն քարեր նետելով անառակորեն:
 
Դեռ հազիվ թիթեռներ որսալու հասակին մեջ, հայրս պանդխտած է Պոլիս, և մայրս, ձմեռային երկար երեկոները, թոնրատունը նստած, երևակայությունս օրորած է ենիչերիներու և գայլերու պատմություններով... Գյուղի դպրոցը հազիվ սկսած եմ ժամագիրքը կարդալ սովրիլ, զիս տարած են Պոլիս 1896թ.-ի օրերուն, ուր հայրս, արյան սարսափին մեջ փնտրելե հուսահատ, գտած եմ բանտին մեջ՝ այն տխուր օրերուն ստորեն ամբաստանված:
 
Երկու տարի հաճախած եմ Սագըզ Աղաճիի Մխիթարյան դպրոցը, հետո Քաղկեդոնի վարժարանը, ուր երկար ատեն պատանեկությունս երազած է ընդմեջ Մոտայի ծովակին և Դուրյանի ոսկրներուն՝ Սկյուտար: Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով՝ Խավյար խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր...»:
 
Քաղկեդոնի վարժարանի 6-րդ դասարանն ավարտելուց հետո պատանի Դանիելն ուսումը շարունակում է Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում: Այստեղ ապագա բանաստեղծը ծանոթանում է հայ հնագույն մշակույթին, համաշխարհային գրականության ու արվեստի կոթողներին: 1905թ. մեկնում է Բելգիա, ընդունվում է Գենտի համալսարանը, որն ավարտում է 1909թ.:
 
Վարուժանը հայրենիք է վերադառնում որպես ճանաչված ու սիրված բանաստեղծ: Մի քանի տարի Սեբաստիայի և Եվդոկիայի դպրոցներում ուսուցչություն անելուց հետո՝ 1912թ.-ին, Վարուժանը  հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ զբաղեցնելու տեսչի պաշտոնը: Միաժամանակ եռանդով մասնակցում է աշխուժացած գրական կյանքին:
 
Բայց երիտասարդ բանաստեղծին վիճակված չէր մինչև վերջ իրագործել իր կրթական և ստեղծագործական ծրագրերը. երեսունմեկ տարին բոլորած բանաստեղծը դառնում է 1915 թվականի (օգոստոս 26) Մեծ եղեռնի զոհ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: