Հանրագիտարան

Էռնեստ Հեմինգուեյ

XX դարի ամերիկյան գրականության խոշորագույն դեմքերից մեկը`   Էռնեստ Հեմինգուեյը, ծնվել է 1899թ. հուլիսի 21-ին: 1917թ. ավարտել է դպրոցը: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–1918թթ.): Հետպատերազմյան տարիներին գործուղվել է Փարիզ, դարձել «Տորոնտո Դեյլի Սթար» պարբերականի թղթակիցը Եվրոպայում:
1925թ. լույս տեսած «Մեր ժամանակներում» կարճ պատմվածքների գրքում հայտնվում է Հեմինգուեյի քնարական հերոսներից առաջինը՝ գլխավոր հերոս Նիկ Ադամսը, որը ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում ուղեկցելու է գրողին: 
 
Հեմինգուեյի համար բարոյականության չափանիշ են քաջությունն ու արժանապատվությունը, որոնք էլ արտացոլված են «Անպարտելին» (1925թ.) պատմվածքում և «Տղամարդիկ առանց կանանց» (1927թ.) ժողովածուում:
 
«Եվ ծագում է արևը» (1926թ., նույն թվականին Անգլիայում լույս է տեսել «Ֆիեստա» վերնագրով) վեպում Հեմինգուեյը պատկերել է հետպատերազմյան «ծաղկուն» տարիների «կորած սերնդի» հոգու ցավը, հիասթափությունն ու հուսահատությունը:
 
Գրողը հռչակվել է «Հրաժեշտ զենքին» (1933թ.) հակապատերազմական վեպով, որտեղ արտացոլել է կամավոր պատերազմ մեկնած ամերիկացու՝ Ֆրեդերիկ Հենրիի հոգեկան ճգնաժամն ու խեղված ճակատագիրը:
 
Հեմինգուեյը 1930-ական թվականներին ստեղծագործական խոր ճգնաժամ է ապրել`   փորձելով վերաիմաստավորել անցած ուղին և սահմանել իր ստեղծագործական գեղագիտական սկզբունքները: Այդ շրջանում հրատարակվել են «Մահ կեսօրից հետո» (1932թ.) աշխատությունը, «Ֆրենսիս Մաքոմբերի երջանկությունը» (1936թ.), «Կիլիմանջարոյի ձյուները» (1936թ.) մեծածավալ պատմվածքները:
 
1937-1940թթ. Հեմինգուեյը թղթակից էր Իսպանիայում: Իր հոդվածներում անդրադարձել է իսպանական հեղափոխությանը, հանդես եկել հակաֆաշիստական ելույթներով: «Ում համար է ղողանջում զանգը» (1940թ.) վեպում պատկերել է Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի հերոսի՝ Ռոբերտ Ջորդանի կյանքը:
 
Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945թթ.) հետո Հեմինգուեյի ստեղծագործություններում նկատվել են անկումային տրամադրություններ: Այդ տարիներին գրել է «Գետից այն կողմ, ծառերի ստվերում» (1950թ.), «Տոն, որ միշտ քեզ հետ է» (1964թ.) վեպերը, «Կղզիներ օվկիանոսում» (տպագրվել է 1970թ.) անավարտ վեպը:
 
Մարդու նկատմամբ հավատը գրողն ամրապնդել է «Ծերունին և ծովը» (1952թ., արժանացել է Պուլիցերյան՝ 1953թ. և Նոբելյան՝ 1955թ. մրցանակների) պատմվածքում, որտեղ պատկերել է բաց ծովում մենակ մնացած մարդու պայքարը բնության արհավիրքների դեմ:
 
Ծերունու կերպարը խորհրդանշական է. միայնակ մարդ, որը բախվում է անարդարությունների, սակայն պայքարում է հանուն լուսավոր ապագայի: Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը բնակվել է Կուբայում:
 
Ապրելով հոգեկան խոր ճգնաժամ՝ նա ինքնասպան է եղել: Հեմինգուեյի գործերից հայերեն են թարգմանել Պերճ Զեյթունցյանը, Վահե Միքայելյանը և ուրիշներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: