Հանրագիտարան

Անասնապահություն

Անասնապահությունը գյուղատնտեսական արտադրության կարևորագույն ճյուղ է, ընդգրկում է կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ ստանալու նպատակով:
Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, յուղ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ (ձի, էշ, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, ձռչնաղբ):
 
Անասնապահությունը ներառում է հետևյալ ճյուղերը՝ տավարաբուծություն (կաթնատու, մսատու), ոչխարաբուծություն (բրդատու, մսաբրդատու), խոզաբուծություն, այծաբուծություն, ձիաբուծություն, ուղտաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, մեղվապահություն, ճագարաբուծություն, եղջերաբուծություն, շնաբուծություն, շերամապահություն, ջորիաբուծություն:
   
Հայաստանում անասնապահությունը ծագել է հնագույն ժամանակներում, երբ մարդն սկսել է վարժեցնել վայրի կենդանիներին, ընտերացրել դրանց և օգտագործել իր տնտեսական կարիքների բավարարման համար:
 
Նորագույն տվյալների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհն անասնապահության սկզբնավորման կենտրոններից է: Հատկանշական է, որ Հայաստանի լեռնազանգվածներում (հատկապես՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայում հանդիպող վայրի ոչխարը (Ovis Oph armeniana) և այծը (Carpa Aegagrus) ընտանի տեսակների նախահայրերն են:
 
Անասնապահությունը Հայաստանում ակնառու զարգացում է ստացել 1-ին հազարամյակում՝ Արարատյան (Ուրարտու) թագավորության, Բագրատունիների օրոք, Կիլիկիայի հայկական պետությունում: Անասնապահության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 19-րդ դարում՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո:
 
Անասնապահությունը Հայաստանում գիտական հիմքերի վրա է դրվել խորհրդային իշխանության հստատումից հետո: 1920-30-ական թվականներին բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարվել անասնապահության բոլոր ճյուղերում, բարելավվել են կենդանիների ցեղային կազմը, կերակրման, խնամքի պայմանները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: