Հանրագիտարան

Պտղաբուծություն

Պտղաբուծությունը գյուղատնտեսական արտադրության եկամտաբեր ճյուղ է, որը ենթադրում է պտուղներ տվող բազմամյա ծառատեսակների ու հատապտղային բույսերի մշակում:
Պտղաբուծությունը բուսաբուծության հնագույն ճյուղերից է: Ենթադրում են, որ խնձորենին, տանձենին, սալորենին, դեղձենին, ծիրանենին և նռնենին մշակվում են 4 հազար տարուց ավելի:
 
Պահպանվել են Բաբելոնի և Ասորեստանի, Չինաստանի և Հնդկաստանի, Ղրիմի այգիների նկարագրությունները: Պտղաբուծությամբ միջնադարում զբաղվել են Արևմտյան Եվրոպայի երկրներում, հատկապես՝ Ֆրանսիայում: Այն զարգացած է եղել նաև Միջին Ասիայի և Այսրկովկասի հնագույն երկրներում:
 
Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է: Մի շարք բնակավայրերում (Արմավիր, Շենգավիթ, Գառնի) հայտնաբերվել են 3-6 հազար տարվա վաղեմության ծիրանենու, դեղձենու, սալորենու, խաղողենու սերմեր: 
Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր տեսակներ:
 
Դրանցից համաշխարհային ճանաչում ունեն ծիրանն ու դեղձը, որոնք հայտնի են նաև որպես հայկական պտուղներ: Աշխարհում աճեցնում են մոտ 350 տեսակի պտղատու բույս, որից մոտ 100-ն ունի արտադրական նշանակություն: Ամենամեծ մակերեսներով պտղատու տնկարկները գտնվում են Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Արգենտինայում, եվրոպական երկրներում:
 
Պտուղները և հատապտուղները մեծ նշանակություն ունեն մարդու սննդի մեջ և, կախված տեսակներից ու սորտերից, պարունակում են 3-24 % ածխաջրեր, 0.2-7% օրգանական թթուներ, ճարպեր, սպիտակուցներ, հանքային, օրգանական նյութեր, վիտամիններ և այլն:
 
Այսօր Հայստանում մեծ ուշադրություն է դարձվում պտուղների և հատապտուղների արտադրությանը, ինչպես ներքին շուկայի պահանջները բավարարելու, այնպես էլ թարմ ու վերամշակված վիճակում արտահանելու նպատակով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: