Հանրագիտարան

Խաղողի վազի էտը

Վազերի էտը պարտադիր կիրառվող ագրոմիջոցառումներից է, որի նպատակն է բարձրացնել բերքատվությունը, նվազեցնել հիվանդությունների և վնասատուների զարգացմանը նպաստող պայմանները: Յուրաքանչյուր այգեգործ պետք է իմանա, որ էտելու ժամանակ թույլ տրված յուրաքանչյուր սխալ ունենում է բացասական հետևանք:
Վազի բեռնվածությունն աչքերի այն քանակն է, որը թողնում են վազի վրա էտի ժամանակ, ինչպես նաև շիվերի, ապա ծաղկաբույլերի քանակը, որը մնում է վազի վրա կանաչ հատումներից հետո: Էտի երկարությունը որոշում են աչքերի այն քանակով, որը թողնում են միամյա մատերի որոշակի հատվածի վրա: Տարբերում են կարճ, երկար և խառը էտ:
 
Կարճ էտի դեպքում բերքատու շիվերի վրա թողնում են մինչև չորս աչք: Երկար էտի դեպքում բերքատու մատերի (շիվ) վրա թողնում են 5-10 աչք: Խառը էտի դեպքում վազերի վրա եղած մատերի մի մասն էտում են կարճ, մյուսը՝ երկար: Վազերն էտելիս անհարժեշտ է իմանալ որոշ կանոններ: Շիվը պետք է կտրել աչքից 1 սմ բարձր և աչքին հակառակ թեքությամբ, որպեսզի լացահյութը չհոսի աչքի վրա և չվնասի նրան:
 
Էտի ժամանակ վազի վրայից պետք է կտրել և հեռացնել չորուկները, ինչպես նաև բերքատվության համար ոչ պիտանի մասերը: Էտելիս միամյա շիվերը և բարակ ճյուղավորումները կտրել այգեգործական մկրատով, իսկ հաստ ճյուղերը՝ սղոցով:
 
Էտի ժամկետը կախված է տվյալ շրջանի հողակլիմայական պայմաններից: Այն շրջաններում, որտեղ կատարվում է այգեթաղ, էտը կատարվում է գարնանը՝ այգեբացից մի քանի օր հետո, մեղմ կլիմա ունեցող շրջաններում՝ գարնանը և աշնանը՝ տերևաթափից հետո, նույիսկ ձմռան այն օրերին, երբ օդի ջերմաստիճանը 0-ից բարձր է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: