Հանրագիտարան

Կայծակից պաշտպանվելու վարքականոնները

Կայծակը սովորաբար հարվածում է տվյալ տեղանքի ամենաբարձր կետին, օրինակ՝ աշտարակ, զանգակատուն, էլեկտրահաղորդալարերի սյուն, փողոցային լապտեր, բարձր ծառ և այլն:
  • Եթե ամպրոպի ժամանակ գտնվում եք բաց ու հարթ տեղանքում (օրինակ՝ դաշտում), կանգնած վիճակում Դուք կլինեք այդ տեղանքի ամենաբարձր կետը: Ուստի պետք է անմիջապես նստել ամենամոտ փոսի մեջ և ձեռքերով գրկել ոտքերը: Շատ կարևոր է հողի բնույթը, քանի որ կայծակը հաճախ հարվածում է խոնավ ու կավային հողերին, իսկ ավելի քիչ՝ քարքարոտ կամ խճաքարային տեղանքին:
  • Բաց տեղանքում գտնվելիս գլխավերևում մի´ պահեք հովանոց, ձկնորսական կարթ, մետաղյա այլ առարկաներ:
  • Ձեր վրայից հանեք և Ձեզնից հեռացրեք մետաղյա զարդերն ու առարկաները (կացին, դանակ, կաթսաներ) մինչև 20-30 մ:
  • Եթե անտառում եք, ապա թաքնվեք ցածր բուսականությամբ տեղանքում: Չի´ կարելի կանգնել բարձր ծառի (կաղնի, սոճի, բարդի, եղևնի) տակ, քանի որ կայծակը հարվածելով ծառին՝ կփոխանցվի նաև Ձեզ: Հատկապես վտանգավոր են մենավոր ծառերը, քանի որ հիմնականում դրանք են կայծակնահարվում: Եթե շրջապատում կան ճեղքված և ածխացած ծառեր (նախկինում կայծակնահարված), ապա շտապ հեռացեք անտառի այդ հատվածից: Հողն այդտեղ ունի բարձր էլեկտրահաղորդականություն, և շատ հավանական է, որ կայծակը նորից այդտեղ կհարվածի:
  • Կայծակի ժամանակ չի´ կարելի գտնվել ջրի մակերևույթին (նավակի մեջ), լողալ, ձուկ որսալ: Եթե գտնվում եք լճի վրա կամ դրա ափին, ապա հնարավորինս հեռացեք ափից և բարձրադիր վայրից իջեք ցածրադիր վայր:
  • Չի´ կարելի կայծակից թաքնվել փոքրիկ ցախանոցում կամ խոտի դեզի մեջ: 
  • Կարելի է պատսպարվել մոտակա քարանձավում, բայց հեռու մնալ քարանձավի մուտքից և պատերից:
  • Եթե փողոցում եք, ապա խորհուրդ չի տրվում հենվել մետաղյա ցանկապատերին, դարպասներին ու խողովակներին, շրջել հեծանիվով, մոտոցիկլետով կամ բաց թափքով մեքենայով: Եթե, օրինակ, հեծանիվ եք վարում, ապա անմիջապես դադարեցրեք ընթացքը, պառկեցրեք այն գետնին և հեռացեք մոտ 30 մ:
  • Եթե գտնվում եք մետաղապատյանի մեջ, օրինակ՝ մետաղյա ավտոտնակի, փակ թափքով մեքենայի մեջ կամ գնացքի վագոնում, ապա կայծակը Ձեզ չի հարվածի, քանի դեռ դուրս չեք եկել կամ չեք բացել պատուհանը: Անցնելով մետաղապատյանի վրայով՝ կայծակը կորչում է հողի մեջ: 
  • Մեքենայում գտնվելու դեպքում կանգնեցրեք այն որևէ անվտանգ վայրում՝ ծառերից, էլեկտրահաղորդալարերի սյուներից հեռու, մի՛ իջեք մեքենայից, փակեք լուսամուտներն ու դռները, իջեցրեք ռադիոընդունիչի ալեհավաքը:
  • Կայծակնահարվելուն կարող են նպաստել թաց մարմինն ու խոնավ հագուստը: Աշխատեք չորացնել Ձեր մարմինը և փոխել հագուստը: 
  • Ապահովության համար մի՛ խոսեք բջջային հեռախոսով. խորհուրդ է տրվում անջատել այն:
Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: