Հանրագիտարան

Ամպրոպ և կայծակ

Կայծակը (շանթ) էլեկտրական լիցքերի պարպում է, որն առաջանում է անձրևային կամ կարկտային ամպերում կամ ամպերի և երկրի մակերևույթի միջև: Այն ուղեկցվում է կուրացուցիչ փայլատակումով և ուժեղ ձայնով՝ որոտով, որն առաջանում է օդի տատանումներից:

Ամպրոպը մթնոլորտային երևույթ է, որի ժամանակ առաջանում են կայծակներ: Ամպրոպին բնորոշ են նաև ուժեղ քամին, հորդառատ անձրևը, երբեմն էլ կարկուտը: 1 ամպրոպի ժամանակ կարող է տեղի ունենալ 600-ից ավելի կայծակ: Ամպրոպի ժամանակ կայծակի հարվածները հաճախ տարբեր աստիճանի վնաս են հասցնում. կարող են պայթյուն կամ հրդեհ առաջացնել, վնասել կապուղիները, քարուքանդ անել շինությունները, սպանել կենդանիներին ու մարդկանց:

Ուժեղ ամպրոպներ լինում են հատկապես լեռներում: Ամպրոպների հաճախականությամբ և ուժգնությամբ Կովկասի տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը:  Գյումրիում, Տաշիրում և Ստեփանավանում ամպրոպային օրերի միջին թիվը տարեկան կազմում է 70 օր, իսկ ամենաշատը՝ 100-108 օր: Համարյա երկու անգամ փոքր է ամպրոպային օրերի թիվը Երևանի շրջակայքում (35-40 օր): ՀՀ մյուս մարզերում ամպրոպով օրերի թիվը կազմում է 40-50 օր:

Ամպրոպների ժամանակ մենք հաճախ ենք տեսնում կայծակի փայլը, սակայն որոտը լսում ենք քիչ ուշացումով: Պատճառն այն է, որ լույսի արագությունը շատ մեծ է՝            300 000 կմ/վրկ, ուստի մենք կայծակի լույսը տեսնում ենք ակնթարթորեն: Ձայնի արագությունը փոքր է՝ 340 մ/վրկ, ուստի որոտը լսում ենք ավելի ուշ: Որքան ուշ ենք լսում որոտը, այնքան հեռու է կայծակը մեզնից:

Կայծակը բնորոշվում է մի շարք հատկանիշներով՝ երկարությամբ, ուղու լայնությամբ, հոսանքի ուժով (ամպեր), լարումով (վոլտ), ամպրոպի տևողությամբ: Կայծակների երկարությունը երկրի և ամպերի միջև կարող է լինել 2-3 կմ, երկու ամպերի միջև`   50 կմ, իսկ ուղու լայնությունը՝ մինչև 60 սմ:

Հոսանքի ուժը տատանվում է 20000-ից մինչև 200000 ամպերի սահմաններում, իսկ լարվածությունն անցնում է 50 մլն վոլտից: Գծային կայծակի 10 կմ երկարության դեպքում որոտը տևում է 30 վայրկյան: Կայծակի պարպման տևողությունը 0,03-0,05 վայրկյան է, իսկ առանձին դեպքերում`   0,13 վայրկյան:

Փորձառու լեռնագնացները, բնության գրկում գտնվող կամ հողագործությամբ զբաղվող մարդիկ մոտալուտ ամպրոպն ու կայծակը կարող են կանխագուշակել որոշակի նշաններից՝

  • ամպրոպից առաջ լինում է ճնշող օդ և քամու բացակայություն,
  • գլուխն ուժեղ քոր է գալիս,
  • մազերն էլեկտրականանում և ցցվում են,
  • մութ ժամանակ մետաղյա իրերի սուր ծայրերին առաջանում են կայծեր,
  • մութ ժամանակ ծառերի կատարներին, ժայռերի սուր ծայրերին, երբեմն նույնիսկ մարդկանց գլուխներին կամ վեր պարզած ձեռքի ծայրին դիտվում է տարօրինակ լուսարձակում (այն անվանում են «Սուրբ Էլմայի կրակներ», երևույթ, որը հնում նկատում էին նավաստիներն իրենց առագաստանավերի կայմերի ծայրին):

Աշխարհում ամենաամպրոպավտանգ տեղը գտնվում է Ինդոնեզիայում՝ Ճավա կղզում: Միջին հաշվով տարվա 322 օրն այստեղ կայծակներ են փայլատակում:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: