Հանրագիտարան

Կայծակնահարություն

Երկրագնդի վրա տարեկան 3000 մարդ է զոհվում կայծակից, սակայն դա ընդհանուր կայծակնահարվածների միայն 20 տոկոսն է: Մնացած 80 տոկոսը կենդանի է մնում, որովհետև հոսանքն անցնում է մարդու մարմնի մակերևույթով, և քանի որ շատ կարճ է տևում, չի հասցնում վնասել ներքին օրգանները:
Կայծակի հարվածի ուժն այնքան մեծ է, որ կարող է պատառոտել հագուստն ու կոշիկները՝ դրանք ցրելով չորս կողմ: Նույնիսկ որոշակի հեռավորության վրա հարվածելիս կայծակը կարող է զգալի վնաս պատճառել մարդուն. հարվածային ալիքից մարդը կարող է նետվել մեծ հեռավորության վրա, ստանալ
հոդախախտումներ և կոտրվածքներ: Լինում են դեպքեր, երբ կայծակի հարվածից առաջանում է խլություն կամ խուլհամրություն: 
 
Կայծակից տուժածի վիճակը սովորաբար ծանր է լինում: Տեղի է ունենում մկանների, մասնավորապես՝ ստոծանու և սրտամկանի կծկում, որը հանգեցնում է շնչառության և սրտի կանգի: Գլխուղեղի վրա հոսանքի ազդեցությունն արտահայտվում է գիտակցության կորստով կամ կաթվածով:
 
Կայծակի հարվածի տեղում մաշկի վրա առաջանում են տարածուն, երբեմն ծանր այրվածքներ (ածխացում): Կայծակի հարվածից կաթվածահար եղած ենթամաշկային անոթները մուգ կարմիր գույնի ծառաձև պատկեր են առաջացնում մաշկի վրա, ինչը հաճախ կայծակի են նմանեցնում և ասում, որ «կայծակը թողել է իր ստորագրությունը»: Կայծակը կարող է նաև խանձել մարդու մարմնի ողջ մազածածկույթը:
 
Կայծակնահարությանը շատ բնորոշ է այն, որ մարդու հագուստի վրա, գրպաններում կամ ձեռքին գտնվող մետաղյա իրերը (մետաղյա կոճակներ, զարդեր, ժամացույց, բանալիներ) հալվում են՝ առաջացնելով խորը այրվածքներ: Դեպքեր են եղել, երբ կայծակն առանց որևէ վնաս պատճառելու մարդու ձեռքից «խլել» է տարբեր մետաղյա առարկաներ և դրանք շպրտել բավական հեռու: 
 
Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: