Հանրագիտարան

Առաջին օգնությունը կայծակնահարվածներին

Կայծակնահարվածը շատ նման է մահացած մարդու. գունատ է, մաշկը քիչ կապտավուն է, բիբերը լայնացած են, շնչառությունը և անոթազարկը բացակայում են:
Եթե կայծակից տուժածին շատ արագ ցուցաբերվի առաջին օգնություն, մասնավորապես՝ արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում, ապա նրա կյանքը հնարավոր կլինի փրկել: 
 
Ժողովրդի մեջ տարածված է այն թյուր կարծիքը, թե կայծակնահարվածին որոշ ժամանակ հարկավոր է թաղել հողում: Դա շատ վնասակար է, քանի որ ոչ միայն կեղտոտում է այրվածքները, այլև լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում սրտի և թոքերի վրա: Բացի այդ, անտեղի ուշացնում է փրկության համար այնքան կարևոր առաջին օգնությունը: 
 
Կայծակնահարության ժամանակ գիտակցության կորուստը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր: Եթե տուժածը գիտակցությունը կորցրել է, ապա մինչև բժիշկ կանչելը կամ հիվանդանոց տեղափոխելը նրան պետք է բերել կողքային անվտանգ դիրքի, բացել շնչուղիները, ցուցամատին փաթաթած թաշկինակով կամ բինտով պարբերաբար բերանը մաքրել թքից, արյունից և փսխման զանգվածներից:
 
Անհրաժեշտության դեպքում հարկավոր է դադարեցնել արյունահոսությունը, այրվածքներին դնել վարակազերծ (ստերիլ) վիրակապ և անշարժացնել կոտրվածքները:
 
Ուշքի գալուց հետո կայծակից տուժածն անհանգիստ և գրգռված է լինում, գանգատվում է ուժեղ ցավերից, ուստի նրան պետք է տալ մեծ քանակությամբ տաք թեյ, հեղուկներ (չի´ կարելի սուրճ տալ):   
 
Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: