Հանրագիտարան

Կայծակի հիմնական տիպերը

Տարբերում են կայծակի երեք հիմնական տիպեր՝
1. գծային,
2. ոչ գծային,
3. գնդաձև:
Կայծակի ամենատարածված ձևը գծայինն է, որն ուղղված է լինում ամպերից դեպի երկրի մակերևույթ, կամ հակառակը՝ երկրի մակերևույթից դեպի երկինք: Ոչ գծային կայծակն ունի ընդհատումներով գծի տեսք և հազվադեպ է հանդիպում:
 
Յուրօրինակ և շատ վտանգավոր երևույթ է գնդաձև կայծակը, որը շատ հազվադեպ է հանդիպում: Այն կարող է լինել գնդաձև, տանձաձև, ձվաձև կամ սկավառակաձև, իսկ գույնով՝ կարմիր, դեղին, նարնջագույն, երբեմն սպիտակ:
 
Գնդաձև կայծակը կուրացուցիչ լույս արձակող, պայթյունի հսկայական էներգիա պարունակող հրե զանգված է, որի տրամագիծը տատանվում է մի քանի սանտիմետրից մինչև մի քանի մետր:  Տևում է 1 վայրկյանից մինչև մի քանի րոպե և տարածվում տեղանքում բոլոր ուղղություններով:
 
Գնդաձև կայծակների առեղծվածը դեռ լիովին բացահայտված չէ, մշակված չեն կայծակի այս տիպից պաշտպանվելու հստակ վարքականոններ: Պատճառն այն է, որ գնդաձև կայծակն անկանխատեսելի է. այն կարող է հայտնվել ամեն տեղ, նույնիսկ ներթափանցել փակ շինություններ:
 
Հաճախ այն տուն է մտնում վառարանի խողովակից, բաց դռներից ու պատուհաններից: Գրանցվել են դեպքեր, երբ գնդաձև կայծակը ներս է մտել բանալու անցքից, լույսի անջատիչից, վարդակից: Սովորաբար այն լողում է օդում կամ գլորվում գետնին, երբեմն ցատկոտում բոլոր ուղղություններով, կարող է մի քանի վայրկյանից կամ րոպեից դուրս գալ տանից և անհետանալ կամ ուժգին դղրդյունով պայթել: 
 
Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: