Հանրագիտարան

Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո

Ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո մարդկանց փրկելու համար անհրաժեշտ է գործադրել բոլոր ուժերը: Երկրաշարժից հետո անհրաժեշտ վարքականոններն են՝
  • Փլատակների մաքրումը, մարդկանց դուրսբերումը և տուժածներին օգնություն ցույց տալը պետք է կատարվեն մասնագետ փրկարարների ղեկավարությամբ. փլատակների անզգույշ մաքրումը կարող է հանգեցնել հետագա նոր փլուզումների, իսկ ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով մարդիկ կարող են մահանալ:
  • Կազմակերպեք առաջին բուժօգնության կետեր: Այդ նպատակին կարող են ծառայել հասարակական վայրերը, օրինակ՝ մարզադաշտերը, զբոսայգիները, մեծ հրապարակները:
  • Բժիշկների և փրկարարների խմբերում անպայման պետք է լինեն հոգեբաններ՝ հոգեկան ցնցում ապրած մարդկանց հոգեբանական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
  • Օգտագործեք ձեռքի տակ եղած բոլոր միջոցները ոչ մեծ փլատակներից մարդկանց հանելու համար:
  • Փլատակներում մնացած մարդիկ, զրկված լինելով ջրից և սննդից, կարող են դիմանալ 7 օր, ուստի աշխատեք որոնել և փրկել մարդկանց առաջին յոթ օրը:
  • Փլատակներում գտնվողներից նույնիսկ ոչ մի ազդանշան չլինելու դեպքում որոնումը շարունակեք շների և հատուկ սարքերի միջոցով:
  • Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում շտապօգնություն, հրշեջ ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար: Հեռախոսը մի՛ օգտագործեք անձնական կարիքների կամ հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Հեռախոսային ցանցի ծանրաբեռնվածությունը խանգարում է փրկարարական աշխատանքների նորմալ ընթացքին:
  • Տեղեկատվություն ստանալու համար օգտվեք միայն պաշտոնական աղբյուրներից: Հետևեք ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության և սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության՝ ռադիոյով և հեռուստացույցով տրվող պաշտոնական հայտարարություններին:
  • Մի՛ տարածեք շշուկներ հնարավոր հետցնցումների, տուժածների ու զոհերի թվի վերաբերյալ առանց հավաստիացման:
  • Հնարավորության դեպքում փլատակների տակ եղած իրերից հանեք առաջին անհրաժեշտության իրերը, անկողինը, տաք հագուստը, մթերքը:
  • Հանեք եղած վառելանյութը, օրինակ՝ փայտ, հետագայում օգտագործելու համար:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: