Հանրագիտարան

Ի՞նչ անել փլատակում հայտնվելիս

Եթե գտնվում եք փլատակում, խուճապի մի՛ մատնվեք, այլ սթափ և հանգիստ գնահատեք իրավիճակը:
  • Եթե հայտնվել եք հողի տակ, փորձեք պտտվել փորի վրա, որպեսզի կրծքավանդակի վրա ճնշումը նվազի:
  • Սեղմված վերջույթները ժամանակ առ ժամանակ փորձեք շարժել, որպեսզի վերականգնվի արյան շրջանառությունը:
  • Խուսափեք կտրուկ շարժումներից. չմտածված գործողությունները կարող են հանգեցնել նոր փլուզումների: Եթե տարածությունը թույլ է տալիս, զգուշորեն տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ: Ձեզնից հնարավորինս հեռացրեք սուր առարկաները:
  • Եթե Ձեր տրամադրության տակ կա սնունդ և հեղուկ, ապա դրանք խնայողաբար օգտագործեք՝ բաժանելով առնվազն 15 մասի (մարդն առանց սննդի դիմանում է 15 օրից ավելի, իսկ առանց հեղուկի՝ 7 օր):
  • Եթե հեղուկ չունեք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է, Ձեր հագուստից կտրեք մի կտոր և դրա միջով անցկացնելով ջուրը՝ խմեք: Բերանում կլոր և ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը:
  • Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ Ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը, վիրակապ դրեք): Եթե Ձեզ հետ փլատակում  կան այլ մարդիկ, հանգստացրեք և առաջին բուժօգնություն ցույց տվեք նրանց:
  • Հարկ է նշել, որ փրկարարները ժամը մեկ սահմանում են «լռության րոպե», որի ժամանակ դադարեցվում են բոլոր սարքերի ու մեքենաների աշխատանքները փլատակների տակ մնացած մարդկանց ձայները լսելու նպատակով: Փորձեք կապ հաստատել (երկաթի կտորով, քարով, բանալիով կամ այլ իրերով հարվածեք հնչեղ առարկաների, օրինակ՝ մարտկոցների, խողովակի, ծայրահեղ դեպքում գոռացեք) դրսում և մոտակա փլատակներում գտնվողների հետ: Դա կօգնի փլատակներից ավելի հեշտ և ճիշտ ուղիներ որոնել Ձեզ և ուրիշներին փրկելու համար:
  • Շրջապատը լուսավորելու նպատակով ոչ մի դեպքում մի՛ օգտվեք լուցկուց կամ գազայրիչից (շենքում կարող է գազի կամ այլ վառելանյութի արտահոսք առկա լինել, ինչը պայթյունի պոտենցիալ աղբյուր է): Որպես լուսավորության միջոց օգտագործեք գրպանի լապտերիկ կամ Ձեր բջջային հեռախոսի լապտերիկը: Էներգախնայողության նպատակով դրանք օգտագործեք պարբերաբար միացնել-անջատելով:
  • Եթե առաջին երկու օրվա ընթացքում Ձեզ չգտնեն, խուճապի մի՛ մատնվեք, խնայեք Ձեր ուժերը, ավելորդ շարժումներ մի՛ արեք:
  • Եթե Ձեզ արդեն հայտնաբերել են փրկարարները և կապ հաստատել Ձեզ հետ, հաղորդեք Ձեր անունը, տեղեկատվություն տրամադրեք Ձեր ստացած վնասվածքի, Ձեզ սպառնացող հնարավոր վտանգների, ինչպես նաև այն մասին, թե երկրաշարժի պահին շինության որ հատվածում էիք, վերջին անգամ երբ և որտեղ եք տեսել մարդկանց:
  • Եթե մնացել եք փլատակում և հաստատ համոզված եք, որ կարող եք այնտեղից դուրս գալ, գործեք հետևյալ կերպ: Զգուշորեն սողանցք բացեք՝ խուսափելով տեղաշարժել իրար վրա կուտակված մեծ բեկորները. դա կարող է նոր փլուզման պատճառ դառնալ: Սողանցքն անպայման ամրացրեք հենարաններով (ամուր բեկորներ, ձողափայտեր, մետաղյա առարկաներ): Յուրաքանչյուր հետցնցումից հետո ուշադիր զննեք սողանցքի վիճակը:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: