Հանրագիտարան

Ինչպես նախապատրաստվել երկրաշարժին

Երկրաշարժին նախապատրաստվելու փուլում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները՝
  • Ձեռք բերեք տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ:
  • Քարտեզում նշված են Ձեր շենքի սեյսմակայունության գործակիցը, տարածքի վթարավտանգ և թունավոր օբյեկտները:

Քարտեզի ձեռքբերման հարցով կարող եք դիմել քաղաքապետարան կամ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն:

Շենքերի անվտանգության համար անհրաժեշտ պայմանները

  • Չի թույլատրվում շենքերը կառուցել սարալանջերի ստորոտին գտնվող ջրաբերուկային գրունտների վրա: Երկրաշարժի հետևանքով նման վայրում փլուզումներ և սողանքներ են առաջանում:
  • Ստուգեք Ձեր տան վիճակը. անվտանգության համար արված ոչ մի միջոց չի օգնի, եթե շենքն ամբողջությամբ ամրացված չէ:
  • Շենքերը կառուցելիս հնարավորինս ամուր հիմք դրեք, իսկ պատերը հուսալիորեն ամրացրեք հիմքին:
  • Շենքերում չի կարելի կատարել այնպիսի ձևափոխումներ, որոնք նվազեցնում են շենքի սեյսմակայունությունը, օրինակ՝
  1. հիմքը թուլացնող նկուղային հարկերի վերակառուցում,
  2. բնակարանի հատակագծի փոփոխություն (կրող պատերում բացված որմնախորշեր, որոնք ազդում են շենքի ընդհանուր ամրության վրա),
  3. տանիքում ջրի ծանր բաքի տեղադրում:

Շենքերից մարդկանց տարհանելու և տուժածներին փրկելու ուղիների ապահովման համար պետք է...

  • Երկաթյա դռները փոխարինել փայտե դռներով, որովհետև առաջին իսկ ցնցումների ժամանակ մետաղյա դռները սովորաբար ճկվում են և դժվարությամբ բացվում:
  • Առաջին հարկերի պատուհաններից հանել մետաղյա ճաղավանդակները: Եթե անվտանգության ապահովման նպատակով որոշել եք օգտվել պաշտպանական միջոցներից, ապա ճաղաշարերն ամրացրեք անմիջապես բացվող փեղկերին (պատուհաններն աղետային իրավիճակներում ծառայում են որպես պահեստային ելք):
  • Ելքերը և մուտքերը, աստիճանահարթակներն ու միջանցքները չծանրաբեռնել մեծածավալ առարկաներով՝ պահարաններով, մետաղյա չհրկիզվող պահարաններով, հեծանիվներով, մանկասայլակներով և այլն: Աղետի ժամանակ կարևոր է, որպեսզի բոլոր անցումները լինեն ազատ բնակչության տարհանման (էվակուացիա) և փրկարարների տեղաշարժն ապահովելու համար:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: