Հանրագիտարան

Անասնաբույժի միջազգային օր

Այսօր նշվում է Անասնաբույժի միջազգային օրը (World Veterinary Day): Այն ընդունել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիան (World Veterinary Association, WVA) 2000թ.-ին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Անասնաբուժական բժշկությունը կամ անասնաբուժությունը գիտության ճյուղ է, որը զբաղվում է կենդանիների հիվանդությունների, ինչպես նաև կենդանիների վնասվածքների և խանգարումների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ:
 
Անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան: 18-րդ դարում Լիոնում Լյուդովիկոս XV-ը հիմնադրեց կենդանիների բժիշկների առաջին դպրոցը: Դպրոցի նպատակն էր կանխարգելել այն համաճարակները, որոնք դառնում էին մեծ քանակությամբ ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ: 
 
Անասնաբուժական հմտությունները ձևավորվել են դեռևս հնագույն ժամանակներից, երբ մարդիկ սկսել են ընտելացնել կենդանիներին: Ընտանի կենդանիներն ապրուստի հիմնական միջոցն էին, ուստի մարդիկ մեծ հոգատարությամբ էին խնամում, ձգտում պաշտպանել տարատեսակ վտանգներից և բուժել կենդանիների հիվանդությունները բնական միջոցներով: 
 
Անասնաբույժի մասնագիտությունը միշտ հարգի է եղել բոլոր դարաշրջաններում և երկրներում: Այդ մասին են վկայում հայտնի հեքիաթի հերոս Անասնաբույժ Այբոլիտի, անգլալեզու երկրներում Բժիշկ Դուլիթլի (Doctor Dolittle) հանդեպ մեծ սերը: 
 
Այսօր անասնաբույժներն աշխատում են անասնաբուժական կենտրոններում, անասնաբուժական կայաններում, կենդանաբանական այգիներում,  գյուղատնտեսական ձեռնարկություններում, բոլոր այն կառույցներում, որոնցում կարող է առաջանալ կենդանիներին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: