Հանրագիտարան

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթականորեն մտնելու հիշատակի օրն է:
Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
 
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ`   ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր`   Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10): 
 
Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: 
 
Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին`   շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական սուրբ պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
 
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: 
 
Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: 
 
Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:
 
Աղբյուրը՝ www.qahana.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: