Հանրագիտարան

Սլավոնական ազգերի ընկերակցության և միասնության տոն

Ամեն տարի հունիսի 25-ին աշխարհի սլավոնները, որոնք թվով մոտ 270 միլիոն են, նշում են սլավոնական ազգերի ընկերակցության և միասնության տոնը:
Այս տոնը նշվում է 20-րդ դարի 90-ականներից սկսած և նպատակն է համախմբել սլավոնական տարբեր ճյուղերի ժողովուրդներին, ուղղորդել նրանց իրենց պատմական արմատներին և պահպանել սլավոնական մշակույթը: 
 
Տոնը ի հայտ եկավ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ բազմաթիվ սլավոնական անկախ պետությունների ձևավորումից հետո անհրաժեշտություն առաջացավ բարեկամական և գործնական հարաբերությունների հաստատման և պահպանման:
 
Սլավոնները՝ ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, լեհերը, չեխերը մեծամասնություն են կազմում Եվրոպայում:
 
Հին սլավոնների պատմության աղբյուրներ են հնագիտական և լեզվաբանության տվյալները, հունա-հռոմեական պատմիչների (Պլինիոս Ավագ, Տակիտոս, Պտղոմեոս, Յորդանոս, Պրոկոպիոս Կեսարացի և ուրիշներ) տեղեկությունները, վաղ միջնադարյան տարեգրությունները, ժամանակագրությունները։ Ըստ լեզվաբանության տվյալների՝ հին սլավոնները տարածված են եղել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։
 
Սլավոնական ժողովուրդների միասնականությունն առավել ամրապնդվեց ու ակներև դրսևորվեց ֆաշիզմի դեմ պայքարում, 1939-1945թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1939 թվականին և հետպատերազմյան առաջին տարիներին վերամիավորվեցին ուկրաինական և բելառուսական բոլոր հողերը, ինչպես նաև վերականգնվեց լեհերի ու չեխերի էթնիկական բուն տարածքը։
 
Քաղաքական և հասարակական-տնտեսական վերափոխումների հետևանքով Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում առաջացան սոցիալիստական սլավոնական պետություններ, ձևավորվեցին սոցիալիստական սլավոնական ազգեր (լեհեր, չեխեր, սլովակներ, խորվաթներ, բուլղարներ և այլն)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: