Նորություններ

Հրաժեշտ Այբբենարանին

Կրթական 2016-04-29

Ապրիլի 15-ին Արմավիրի մարզի Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր: Այդ օրը 1-ին բ դասարանի թվով 20 աշակերտներ տառաճանաչ էին դարձել և կարողանում էին գրել ու կարդալ ոսկեղենիկ հայերենով: «Հարաժեշտ Այբբենարանին» միջոցառումը կազմակերպել էր Iբ դասարանի վաստակաշատ, հարգված ու սիրված դասվար՝ Համիկ Ասրյանը: Դասվարի կողմից կազմակերպված միջոցառումից պարզ դարձավ, որ բացի աշակերտներին տառաճանաչ դարձնելուց, ուսուցչուհին աշակերտների մեջ սերմանել էր հայրենասիրություն, ընկերասիրություն, նվիրվածություն դպրոցին : Աշակերտները միջոցառման սկզբում ներկայացրեցին բեմականացում, որտեղ Մեսրոպ Մաշտոցն իր մտահոգությունն էր հայտնում հայերենի տառերի ստեղծման համար: Ստանալով Վռամշապուհ արքայից և Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևից համաձայնությունը Մեսրոպ Մաշտոցը ուղևորվում է Եդեսիա և բազմաթիվ պրպտումներից հետո Աստծո զորակցությամբ ստեղծում է Հայոց Այբուբենը: Այնուհետև աշակերտները արտասանեցին հայատառ թարգմանված առաջին նախադասությունը՝«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Հետո աշակերտները ներկայացրեցին Հայաստանում բացված I դպրոցները, գրչության կենտրոնները և գրադարանները, որոնք նպաստեցին գրի և գրականության ստեղծմանը: Աշակերտներն արտասանեցին Վահագն Դավթյանի«Մեր տառերը» բանաստեղծությունը՝ Տեսիլքից են ծնվել տառերը մեր, Հողմերով են սնվել տառերը մեր, Ջրդեղվել են, դարձել, երկաթագիր, Քարերին են գրվել տառերը մեր… Երբ փորձել են ջնջել և եղծանել, Կայծակին են տվել տառերը մեր: Միջոցառման ընթացքում աշակերտները երգեցին «Ուսուցչուհուս» երգը, որտեղ դասվարի և Մաշտոցի կերպարը, կարծես, նույնանում էր: Ոգևորությամբ և մեծ տպավորությամբ միջոցառումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Ծնողները հուզված էին, իսկ աշակերտները իմաստացած: Այդ կարճ ժամանակահատվածում նրանք արդեն սովորել էին կյանքում կարևոր երեք գաղափար՝ սիրել հայրենիքը, սիրել լեզուն, սիրել հավատը: Տարրական մ/մ դասվար՝ Հ. Ասրյան

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: