Նորություններ

Ամփոփվել է «Թեքեյանական օլիմպիադա»-ն

Կրթական 2016-04-22

Արդեն վեցերորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն»-ը կազմակերպում է գիտելիքների մրցույթ՝ «Թեքեյանական օլիմպիադա», մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, անգլերեն առարկաներից: Մրցույթում իրենց ուժերն են չափում Հայաստանի և Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները: Նախաձեռնությունը տարեցտարի էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում և ընդլայնում իր շրջանակները:
Այս տարի հիմնադրամը, համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ, առաջին անգամ օլիմպիադայի մասնակից էր դարձրել նաև Հայաստանի սիրիահայ համայնքի երեխաներին:
 
«Թեքեյան Կենտրոն»-ը նպատակ ունի օլիմպիադայի միջոցով խթանել և խրախուսել հայոց և օտար լեզուների, հայ գրականության, ինչպես նաև այլ առարկաների իմացության զարգացումը, հնարավորություն տալ աշակերտներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորելու գիտելիքները, ծանոթանալու տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:
 
Թեքեյանական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 8-րդ դասարանի՝ անհրաժեշտ գիտելիքներ ունեցող 65 թեքեյանցի և սիրիահայ աշակերտ, տեղի ունեցավ «Թեքեյան Կենտրոն»-ում:
 
Այնուհետև միջոցառումը տեղափոխվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճ, որտեղ տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները:
 
Հյուրերին և օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին՝ նա ցավով փաստեց, որ թեքեյանական 6-րդ օլիմպիադային չեն մասնակցել Բերձորի թեքեյանցի աշակերտները պատերազմական իրավիճակի պատճառով, միաժամանակ ուրախությամբ հավելեց, որ միջոցառմանը ընդգրկվել են նաև սիրիահայ աշակերտներ:
 
Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը:
 
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԹԿ հիմնադրամին դպրոցներին աջակցություն ցուցաբերելու և նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, քանզի դրանք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը:
 
Տոնական տրամադրությունը շարունակվեց համերգային ծրագրով, որն էլ ներկայացրեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ուսմունք» վարժարանի տաղանդաշատ սաները:
 
Նյութը՝ «Թեքեյան Կենտրոն»-ի

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: