Նորություններ

Հայտնի են բուհերի վարկանիշավորման արդյունքները

Կրթական 2016-01-28

Ըստ ՀՀ ԿԳ նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ արդեն իսկ հրապարակվել են ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ այդմ` միասնական վարկանիշով 1-ին տեղում Երևանի պետական համալսարանն է, 2-րդ տեղում՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, 3-րդ տեղում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, 4-րդն Ամերիկյան համալսարանն է:
Այս տարի 5-րդ հորիզոնականում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, 6-րդը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, տասնյակն ամփոփում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
 
«Այս գործիքը կիրառում ենք արդեն երեք տարի և, մշտապես կատարելագործելով այն, համահունչ ենք դարձնում հասարակության, տնտեսության պահանջներին: Համադրելի չափանիշների հիման վրա այս տարի փորձել ենք տալ նաև համընդհանուր վարկանիշ, որովհետև մինչ այդ աշխատում էինք բացառապես հատվածական սկզբունքով:
 
Մշակել ենք մեթոդաբանություն, որը թույլ է տալիս համեմատել նաև տարբեր բուհեր՝ ելնելով մի խումբ ցուցանիշներից, որոնք ընդհանուր են բուհերի համար՝ անկախ իրենց մասնագիտական կամ կրթական ծառայությունների քանակից և ուղղություններից»,-նշել է Արմեն Աշոտյանը:
 
Նկատենք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համար ուսումնական հաստատությունները խմբավորվել են ըստ բուհերում առկա կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների, ինչպես նաև առանձնացվել են արվեստի բուհերը:
 
Մշակված հարցաթերթերի հիման վրա հավաքագրվել է ողջ պահանջվող տեղեկատվությունը, իրականացվել են բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ բուհերի դասախոսների, շրջանավարտների և գործատուների  շրջանում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: