Նորություններ

Միջոցառում «Աշո´ւն, դու բերք ես ու բարիք»

Կրթական 2015-11-28

Նոյեմբերի 20-ին Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ «Աշո´ւն, դու բերք ես ու բարիք» խորագրով: Դահլիճը զարդարված էր աշնան շնչին համահունչ և ամենուր տիրում էր աշնանային մթնոլորտ: Միջոցառումը կազմված էր երկու մասից: Առաջին մասում ելույթ ունեցան V ա դասարանի աշակերտները, որոնք ներկայացրին աշունն իր գեղեցիկ գույներով, բերք ու բարիքով: Աշակերտներն արտասանեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ, նվագեցին աշնանային մեղեդիներ, երգեցին ու պարեցին: Իսկ Աշուն տատիկի փառավոր մուտքը դահլիճ ուրախություն և բերկրանք պարգևեց բոլորին: Միջոցառման երկրորդ մասում ավագ դասարանների աշակերտները սեղան-տաղավարների տեսքով ներկայացրեցին հայկական ազգային խոհանոցն ու մառանը, հայկական ազգային ուտեստները, նրանց պատմությունն ու պատրաստման եղանակները: Սեղաններից յուրաքանչյուրն աչքի էր ընկնում իր պատրաստած ազգային յուրօրինակ ուտեստներով՝ ղափամայով, տոլմայով, ղավուրմայով, խորովածով, խաշով, սուջուխով, լավաշով, հալվայով, գաթայով և այլն, իսկ սեղաններից մեկը ներկայացնում էր հայկական նուռը, նռան գինին ու մաճառը: Սեղանները լի էին նաև Արարատյան դաշտավայրի քաղցրահամ մրգերով, չրերով և քաղցրավենիքներով: Միջոցառման վերջում աշակերտներն իրենց առատ սեղաններից հյուրասիրեցին դահլիճում գտնվող ուսուցիչներին, հյուրերին և աշակերտներին: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի կենսաբանություն առարկայի ուսուցչուհի Գայանե Խաչատրյանը և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Մարգարիտ Սարգսյանը, իսկ երաժշտական և համակարգչային գեղեցիկ ձևավորումը կատարել էր Ս. Թամազյանը, մասնակցում էին V ա , VII, VIII ա, IX և XI բ դասարանների աշակերտները:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: