Նորություններ

Ինտեգրում կրթության միջոցով

Կրթական 2015-11-23

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանը «Ինտեգրում կրթության միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
Անդրադառնալով դասախոսության բուն թեմային, նախարարը նշել է, որ կրթությունը լավագույն միջոցն է ցանկացած ինտեգրման համար: «…ԱՊՀ-ի շրջանակներում կան կրթական ծրագրեր, բայց նաև հայտնի է, որ ԱՊՀ-ի ծրագրերը հնացած են և կարիք ունեն վերանայման: 
 
Ես դժվարությամբ կարող եմ հիշել վերջին տարիների ընթացքում համաշխարհային կրթական իրադարձություն, որը տեղի է ունեցել ԱՊՀ երկրներում: Հայկական կրթական համակարգի հիմնական հարթակը եվրոպական բարձրագույն կրթական տարածքն է. այս տարի մենք նշում ենք Բոլոնյան գործընթացում մեր անդամակցության 10-ամյակը: 
 
Հենց սկզբից մենք փորձեցինք վերափոխել մեր կրթական համակարգը, որը ժառանգվել էր Խորհրդային Հայաստանից և 2005 թվականից փորձ արեցինք ունենալ ազգային կրթական համակարգ, որը կհամապատասխաներ եվրոպական մրցակցային չափանիշներին: 
 
Դժվար էր ստեղծել մի կրթական համակարգ, որը կհամապատասխաներ ժողովրդի ազգային ու մշակութային սպասումներին և եվրոպական բարձր չափանիշներին: Չնայած բոլոր խոչընդոտներին և դժվարություններին՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ընդգրկված լինելու շնորհիվ մենք հասանք հաջողության և ավարտեցինք կրթական բարեփոխումների առաջին փուլը: 
 
Ներկայումս մենք ունենք եռաստիճան կրթական համակարգ, կրեդիտային համակարգ, ինստիտուցիոնալ որակավորման կենտրոններ ոչ միայն ազգային մակարդակով, այլ նաև համալսարանների: 
 
Ներկայումս մարտահրավեր է Հայաստանի համար անցնել բովանդակային բարեփոխումների, փորձել վերանայել կրթական ծրագրերի բովանդակությունն ըստ եվրոպական չափանիշների և դրանք համապատասխանեցնել հասարակության և քաղաքացիների պահանջներին…»,-նկատել է Արմեն Աշոտյանը: 
 
Նախարարը ելույթի ավարտին պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի վարկանիշավորմանը, Բոլոնիայի գործընթացին, բուհական գրադարաններին և այլն:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: