Նորություններ

«Dasaran»-ը ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Նախագահին

Ուշագրավ 2015-11-19

Ս.թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրները Հանրապետության Նախագահին ներկայացրին ծրագիրը:

«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը Հանրապետության Նախագահին ներկայացրեցին ծրագրի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության նոր որակ ստեղծելու իրենց առաքելությունը, վեց տարվա աշխատանքի արդյունքները, իրականացված նախաձեռնությունները և ձեռքբերումները:

Խոսվեց նաև կրթության ոլորտում ծրագրի նշանակության, առկա ներուժի և ապագա անելիքների մասին: Ներկայացման ընթացքում եղան ուղիղ միացումներ Երևանի, մարզերի և Արցախի հանրակրթական դպրոցներ: Նախագահ Սերժ Սարգսյանին «Դասարան»-ի մասին անձամբ իրենց կարծիքը հայտնեցին տնօրեններն ու ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները:

Միջոցառման ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հովիկ Խալիկյանը, գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրեասյանը տեսակապով ՀՀ Նախագահին ներկայացրեցին իրենց կարծիքները ծրագրի օգտակարության մասին: 
 
Եղան նաև տեսաուղերձներ Բոստոնի (ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ) Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանից և Հարվարդի համալսարանի կրթության դպրոցից: Միջոցառման ավարտին Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների և «Դասարան» կրթական ծրագրի պատասխանատուների հետ քննարկեց ծրագրի զարգացմանը և հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ:
 
Նկարները՝ President.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: