Նորություններ

Ավարտվել է համալսարանական թիմերի շախմատային առաջնությունը

Կրթական 2015-10-12

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ եզրափակվել է շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությունը:
Հոկտեմբերի 11-ին պարգևտարման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ամփոփելով քառօրյա մրցաշարը՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երևանյան առաջնության կայացումը. «Սա Հայաստանի նախաձեռնությունն էր` անցկացնել Եվրոպական համալսարանական շախմատի առաջին առաջնությունը: 
 
Իհարկե, ամբիցիոզ նախաձեռնություն էր` հաշվի առնելով, որ մենք բոլորովին վերջերս ենք անդամակցում Եվրոպական համալսարանական մարզական ասոցիացիային: Բայց միանգամից հանդես եկանք մեր առաջարկով: Ի ուրախություն մեզ, առաջարկությունն ընդունվել էր: 
 
Շախմատը Հայաստանի ազգային հպարտության բնութագրիչներից մեկն է: Պետք է փաստենք, որ առաջնությունն ստացվել է: Դրա մասին խոսում է Եվրոպական համալսարանական մարզական ֆեդերացիայի ղեկավարությունը: Մեր թիմերը առաջին տեղում չեն, իհարկե այդ տեսակետից բավարարված չեմ, բայց ունենք երկրորդ մրցանակային տեղ»,-ողջույնի խոսքում նշել է Ա. Աշոտյանը:  
 
Տղաների թիմային պայքարում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի Ուրալի պետական համալսարանի թիմը, երկրորդ տեղը՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրային հայկական պետական ինստիտուտի թիմը, երրորդ տեղը՝ Վարշավայի պետական համալսարանի թիմը:
 
Մրցաշարին մասնակցել  է  9 երկրի 25 համալսարանական թիմ՝ ընդհանուր առմամբ  82 պատվիրակ, որոնցից 67-ը  մարզիկներ են եղել: Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2 տարի անց Իսպանիայում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: