Նորություններ

Խորհրդանշական միջոցառում Ագարակում

Կրթական 2015-10-09

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակ գյուղը ցնծության մեջ էր. անկախության հռչակման 24-րդ տարեդարձը մեծ շուքով տոնվեց դպրոցում: Վաղ առավոտյան դպրոցի բակում հավաքվել էին աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները: Ազգային երգ ու պար, հայ դասական գրականության գոհարներ: Երգում, պարում ու արտասանում էին աշակերտները՝ քաջ գիտակցելով, որ մերօրյա անկախությունը ձեռք է բերվել մաքառումների, արյան ու պայքարի ճանապարհով:

Մենք՝ Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքացիներս, հպարտ ենք, որ այս երկրում ենք ապրում ու սեփական ձեռքերով ենք կերտում մեր ապագան, որ ունենք ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն: Միջոցառման ընթացքում դպրոցի սաներ՝ ասմունքի մրցույթի հանրապետական փուլի հաղթողներ Մելքոնյան եղբայրներ Մելքոնը (12-րդ դաս) և Սարգիսը (8-րդ դաս), իրենց բամբ ձայնով ասմունքեցին ու հիացրեցին ներկաներին: 

Նրանց արտասանած յուրաքանչյուր բառն այնքան էր ներշնչված հայրենասիրությամբ, որ ներկաներն ակամայից հպարտանում էին, որ այս անկախ երկրում այսպիսի սերունդ է մեծանում և նրանք են այս երկրի վաղվա տերերը: 
-Այսօր անկախությունը դարձել է մեզ համար բացարձակ արժեք: Հեշտ չի եղել անկախության ուղին:
 
Այն լի է եղել վայրէջքներով ու կեռմաններով: Սակայն այսօր պետականություն ու անկախություն ունենալու պայմաններում մենք կկերտենք միացյալ Հայաստան,-ամփոփեց միջոցառումը դպրոցի տնօրեն Լորետա Մարգարյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: