Նորություններ

Կամփոփվի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը

Ուշագրավ 2015-10-08

Ընթացիկ տարվա ապրիլ ամսից մեկնարկած «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Փառատոնի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է «Սասնա ծռեր» էպոսը և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողով, անցկացվել են էպոսասացության մրցույթներ Հայաստանի բոլոր մարզերում:
Փառատոնի եզրափակիչ փուլի էպոսասացության մրցույթը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, իսկ շարադրությունների օլիմպիադան՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ավագ դպրոցում: Ս. թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում փառատոնի հաղթողները ելույթ կունենան եզրափակիչ միջոցառմանը, կմասնակցեն ազգային երգի-պարի խմբեր և անհատ կատարողներ: 
 
Ավանդական դարձած այս փառատոնը նշանակալից և կարևոր մշակութային իրադարձություն է, որի իրականացումը ոչ միայն նպաստում է մեր ազգային էպոսի պահպանմանը, կենսունակությանն ու հանրահռչակմանը, այլև շարունակական արժևորումն է հանդիսանում 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտի ընդունման:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: