Նորություններ

Կայացել է տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Կրթական 2015-08-31

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարար Արմեն Աշոտյանը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում մասնակցել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:

Ներկաներին շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարարը գոհունակությամբ նշել է, որ նախորդ ուստարվա ընթացքում հաջողվել է մասնագիտական կրթության ոլորտի հիմնական խնդիրները լուծել` ելնելով պետության գերակայություններից:

«Իհարկե, համակարգում կան նաև բազում հարցեր, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, սակայն վստահեցնում եմ, որ ոլորտն այդ ներուժն ունի»,-նշել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ոլորտի հիմնական ձեռքբերումներին: 
 
Նախարարի խոսքով առաջին ձեռքբերումը պետպատվերի տեղերի կտրուկ աճն է. վերոնշյալ տեղերն ավելացել են 50 տոկոսով: Արմեն Աշոտյանը հատուկ ընդգծել է, որ պետպատվերի տեղերը պետությունը շարունակելու է տրամադրել ըստ սահմանված գերակայությունների` ՏՀՏ, գյուղատնտեսություն, արվեստ և այլն:  
 
Երկրորդ ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի` ուսումնարաններում և քոլեջներում ընդունելության քննությունների վերացումն է` բացառությամբ նեղ ճյուղային մասնագիտությունների: Այս համատեքստում նախարարը տնօրեններից պահանջել է` խստիվ հետևել օրենքի տառին, և այն դիմորդների համար, ովքեր իրավունք ունեն ընդունվել անվճար համակարգ, անհարկի խոչընդոտներ չստեղծել: 
 
Արմեն Աշոտյանի խոսքով` երրորդ ձեռքբերումն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական բարելավումն է, որը վերջին տասը տարիներին իրականացվել է պետբյուջեի, ԵՄ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մյուս հիմնական ձեռքբերումը կրթության բովանդակության վերանայումն է:
 
Խորհրդակցության ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են պարտադիր 12-ամյա կրթության մասին հասարակության շրջանում իրազեկման բարձրացմանը, քոլեջ-բուհ անցմանը, սոցփաթեթում քոլեջի աշխատակիցների ներառման հնարավորությանը, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի իրականացմանը և այլն:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: