Նորություններ

Սփյուռքահայ դիմորդների կրթության հարցն օրակարգում

Կրթական 2015-08-27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ուսումնական հաստատությունների սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա հիմնական առաջնահերթությունները: «ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում սովորել հայագիտական ուղղվածության մասնագիտություններով:

Այս ծրագրի նպատակը ոչ այնքան վերոնշյալ երիտասարդներին անվճար կրթություն տալու հնարավորությունն է, որքան հայապահպանության խնդիրը: Հետևաբար, ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով պետք է առաջնահերթությունը տրվի այն համայնքների դիմորդներին, որտեղ առկա է հայապահպանության լրջագույն խնդիր…»,-նշել է Արմեն Աշոտյանը:

 
Նախարարը հանձնարարել է նաև համապատասխան ստորաբաժանմանը խստացնել սփյուռքահայ դիմորդներին ներկայացվող պահանջները, այն է` ստեղծել իրավական հիմք, որպեսզի այն պայմանագրային բազան, որը ներկայումս օգտագործվում է ՀՀ բուհերում պետպատվերով նպատակային կրթություն ստացող երիտասարդների համար, համապատասխան փոփոխություններով հանդերձ կիրառելի լինի նաև սփյուռքահայ դիմորդների համար: 
 
«Վերոնշյալ փոփոխության դեպքում այն երիտասարդները, ովքեր հուսախաբ են անում իրենց համայնքին և չեն կատարում իրենց պարտավորությունները, ստիպված կլինեն փոխհատուցել իրենց վրա ծախսված պետական գումարները` դրանով բարձրացնելով իրենց պատասխանատվության աստիճանը»-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերը տրամադրելու են Գյումրիի բուհերին: 
 
«Այս նախաձեռնության նպատակն է` մի կողմից նվազեցնել կրթական միգրացիայի ռիսկերը, մյուս կողմից աջակցել Գյումրիում ուսանողական կրթական կենտրոնների կայացմանը, և երրորդ` բարձրացնել հայրենաճանաչության բաղադրիչը, քանի որ Գյումրին մեր երկրի կարևորագույն կրթական կենտրոններից է»,-նշել է նախարարը` հիշեցնելով, որ այն դիմորդները, ովքեր ուզում են կրթություն ստանալ ոչ հայագիտական մասնագիտությունների գծով, պետք է գիտելիքների ստուգում անցնեն մրցութային հիմունքով: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: