Նորություններ

Տրվել է կրթական խորհրդակցությունների մեկնարկը

Կրթական 2015-08-25

2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ տարին անընդմեջ Իջևանում մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը, հանդիպել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև այցելել սահմանամերձ գյուղերի՝ Դովեղի և Բերդավանի դպրոցներ:

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած մանկավարժների ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը՝ համեմատական անցկացնելով նախորդ և այս ուսումնական տարիների միջև: Այսպիսով, մարզի դպրոցների թիվն անփոփոխ է. 81 դպրոց, որից 4-ը՝ ավագ, ուսուցիչները 2119 են, կանխատեսվում է ունենալ 886 դասարան՝ 862-ի փոխարեն, 15295 աշակերտ՝ 14671-ի փոխարեն և 1770 առաջին դասարանցի՝ 1485-ի փոխարեն: 

 
Վարչության պետն անդրադարձ է կատարել ուսուցիչների ատեստավորման, առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների մասնակցության, ոլորտում տարբեր միջոցներով իրականացվող ծրագրերի, դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների, դասագրքերով ապահովվածության և դրանց վարձավճարների գանձման, անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, մարզում ներառական կրթության ներդրման և բազմաթիվ այլ հարցերի: 
 
Ոուսումնական ընթացիկ խնդիրների վերաբերյալ որոշ նկատառումներ են հայտնել Բերդավանի և Հաղարծնի դպրոցների տնօրենները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նշել է, որ նոր ուսումնական տարվա շեմին կան բազմաթիվ հին խնդիրներ, որոնք մարզպետարանի, համապատասխան հաստատությունների հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ օպերատիվ լուծում կստանան:
 
Արմեն Աշոտյանն իր խոսքում հատուկ կարևորել է սահմանամերձ համայնքներում կրթության կազմակերպման արդյունավետությունը՝ շեշտելով, որ բանակից հետո դպրոցը երկրորդ կարևոր պաշտպանական գիծն է: Նրա խոսքով՝ երկրորդ տարին անընդմեջ այցելում է Տավուշի մարզ, քանի որ այն հանդիսանում է հանրապետության ամենաթեժ կետերից մեկը: Նախարարը տնօրեններին է ներկայացրել այն կարևոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: