Նորություններ

Ամփոփվել է «Ամառային դպրոց 2015»-ը

Կրթական 2015-08-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Աղավնաձորի ուսումնական բազայում կայացած «Ամառային դպրոց 2015» միջազգային ծրագրի պաշտոնական փակման արարողությանը:

««Ամառային դպրոց»-ները և ոչ ֆորմալ կրթության այլ ձևերը ոչ միայն կրթական, այլև անձի ինքնահաստատման, զարգացման ու բացահայտման նպատակ ունեն. դրանց շնորհիվ  մասնակցները ձեռք են բերում նոր  ծանոթություններ, շփվում օտարազգի իրենց հասակակիցների հետ և ձևավորում հասարակություն մտնելու նոր կարողություններ, մարդկային հարաբերությունների նոր հարթակ»,-նշել է նախարար Արմեն Աշոտյանն ու մասնակիցներին հանձնել մասնակցության դիպլոմներ:

 
Բազմաթիվ «Ամառային դպրոց»-ների մասնակցած նախարարը վստահեցրել է, որ ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձևերից է։ Նա նաև ընդգծել է, որ Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող բուհերից է և հորդորել է շարունակել համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ` իրականացնելով այլ ծրագրեր ևս: 
 
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել համագործակից բուհերի ռեկտորներին և ծրագրի կայացման աջակիցներին` վստահեցնելով, որ տարբեր ազգեր միավորող երիտասարդական աննախադեպ ծրագիրը կլինի շարունակական:
 
Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ծրագրի մասնակիցներն անակնկալներ էին պատրաստել ներկաների համար. ազգային երգ ու պար, յուրօրինակ համարներ, հայկական բնաշխարհը պատկերող նկարներ, որոնցից յուրաքանչյուրում նախ տպավորություններ էին, ապա Մանկավարժական համալսարանին ուղղված երախտագիտության խոսքեր` լավագույն ժամանց, լիարժեք հանգիստ և ողջ Հայաստանով ճանաչողական այցեր կազմակերպելու համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: