Նորություններ

Ամփոփվեցին «Ընթերցման օլիմպիադա-2015»-ի արդյունքները

Կրթական 2015-05-20

Ս.թ. մայիսի 20-ին Հայաստանի Ազգային գրադարանում անցկացվեց «Անտարես» հրատարակչության կազմակերպած «Ընթերցման օլիմպիադա-2015» մրցույթի հանրապետական փուլը: Նույն օրը Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կայացավ նաև օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Մարզային փուլը հաղթահարած և հանրապետական փուլին մասնակցող աշակերտները ներկայացրեցին տարբեր ստեղծագործություններից վերցված հատվածները, այնուհետև ընթերցեցին զանազան ստեղծագործություններից տեղում ընտրված հատվածներ:
 
Առավել շատ միավորներ վաստակած մասնակիցներից էլ ընտրվեցին առաջին երեք հորիզոնականի հավակնորդ աշակերտները: Հանրապետական փուլին հաջորդեց օլիմպիադայի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
 
Վերջինին որպես պատվավոր հյուրեր ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև օլիմպիադայի գործընկեր կազմակերպությունների ղեկավար կազմերը:
 
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով ներկայացան Արմեն Աշոտյանը, Հասմիկ Պողոսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի՝ աշակերտներին հասցեագրված ուղերձն էլ ներկաներին փոխանցեց ծրագրի տնօրեն Արթուր Բաբայանը:
 
Միջոցառման ավարտին օլիմպիադայի շրջանակում առաջին երեք հորիզոնականը զբաղեցրած աշակերտները պարգևատրվեցին գլխավոր մրցանակներով և պատվոգրերով: Հանրապետական փուլին մասնակցող մյուս աշակերտները ևս արժանացան խրախուսական պարգևների և պատվոգրերի, որոնք տրամադրել էին օլիմպիադայի կազմակերպիչները և գործընկեր կազմակերպությունները, այդ թվում նաև «Dasaran» կրթական ծրագիրը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: