Նորություններ

Հայագիտական կենտրոնների զարգացումն ուշադրության կենտրոնում

Կրթական 2015-04-27

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ռումինիայի Հանրապետության Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչին:

Կարևորելով Կլուժ քաղաքի հայագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Լ. Նաստասե-Կովաչին հայ ժողովրդի ու հայագիտության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և Հայոց ցեղասպանության միջացառումներին մասնակցելու համար: 

 
Այս համատեքստում հանդիպման մասնակիցները անդրադարձել են Ռումինիայում պահպանվող հայկական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ընդգծելով Տրանսիլվանիայի հայկական պահոցների ուսումնասիրության կարևորությունը: 
 
Շեշտվել է, որ Հայագիտության ինստիտուտը գտնվում է պատմական Տրանսիլվանիայի տարածքում, որտեղ միջնադարում գործել է մեծ հայկական համայնք, որի գործունեությունից էլ սերունդներին ժառանգվել է պատմական, գրական և մշակութային բազմալեզու արժեքավոր ժառանգություն, որն այսօր սպասում է գիտական հետազոտության: 
 
ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ արտերկրում գործող հայագիտական կենտրոնների զարգացումը Հայաստանի Հանրապետության համար առաջնային ուղղություն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռումինիայի բարձրագույն ուսումնական հասատատություններում հայագիտության տարածմանը և զարգացմանն առնչվող այլ հարցեր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: