Նորություններ

Ալեքսանդր Ծատուրյան -150

Կրթական 2015-04-16

Ալ. Ծատուրյանի ծննդյան 150-ամյակի առթիվ Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 74 հիմնական դպրոցի II, V և VII դասարանների մի խումբ աշակերտներ իրենց ուսուցիչներ Անահիտ Տիգրանյանի, Ալվարդ Հարությունյանի և Նաիրա Բեգլարյանի ղեկավարությամբ կազմակերպել էին ցերեկույթ:

Այն կայացավ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Ներկա էին գրականության և արվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ, ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ: Մասնակից երեխաները մեծ հուզմունքով ներկայացրեցին պոետի կենսագրությունը, գրական գործունեությունը: 

Ապա ասմունքեցին` տոգորելով ներկաներին Ծատուրյանի պոեզիայի ընտրանիով` հայրենիք ու ազգային-ազատագրական պայքարի կոչ, սոցիալական ու քաղաքական թեմատիկա, մայրական սիրո գովք, երգիծանք, արդար աշխատանքի ջատագովություն, սեր ու գարուն…
 
Մանկական շուրթերից հնչում էր սրտահույզ «Նավավար» երգը, Ալ. Սպենդիարյանի անմոռաց ռոմանսը՝ նշանավոր «Ա՜յ վարդը»: Իսկ երեխաների ելույթն ուղեկցվում էր տղաներից մեկի ջութակի անուշ մրմունջով…
 
Ավարտից հետո երեխաները շրջեցին սրահներով, ծանոթացան թանգարանի մշտական ցուցադրությանը, որտեղ ներկայացված են 18-րդ դարից մինչև մեր օրերի հայ գրականությունը, թատերարվեստը, կինոարվեստը, երաժշտարվեստը:
 
Գրական բաժնի ավագ գիտաշխատող Արուսյակ Ղազարյանն իր հետաքրքիր մեկնաբանություններով բացեց նրանց առաջ գրականության ու արվեստի առինքնող մի մեծ աշխարհ:
 
Վերջում թանգարանի գիտքարտուղար և գրական բաժնի վարիչ Մարինե Հարոյանը շնորհակալություն հայտնեց թիվ 74 դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին նրանց գեղեցիկ գրական-երաժշտական ցերեկույթի համար:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: