Նորություններ

Կնքվել է փոխըմբռնման նոր հուշագիր

Կրթական 2015-03-31

Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել, որն ազդարարում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցությունը ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս նախագծով մեկնարկում է հերթական նորարարական կրթական գաղափարը: «Մեր այս սոցիալական գործընկերների հետ իրականացված բոլոր նախագծերի ուղենիշն ապագայի տեսլականն է: 
 
Եվ այսօր էլ միևնույն գաղափարի շուրջ համախմբումն ապացուցում է, որ անկախ առկա խնդիրներից` մի կողմից ունենք դպրոցներում կրթական բովանդակությունն արդիականացնելու մեծ ներուժ, մյուս կողմից` ներգրավելու մեր սոցգործընկերներին և դարձնելու նրանց ոչ միայն ծրագրի ֆինանսավորող, որը, իհարկե, պակաս կարևոր չէ:
 
Սակայն, այս նախագիծը տարբերվում է. այն բովանդակային է, որտեղ մեր գործընկերների հետ միասին մշակել ենք կրթական նոր բովանդակություն, ծրագիր, որի հավակնություններն աննախադեպ են: Այսօր համաշխարհային կրթական տիրույթում վերջին զարգացումները տանում են նրան, որ տեխնոլոգիական կրթությունը ոչ միայն տեղեկատվական միջոցներից օգտվելու, այլև մտածելակերպ ձևավորելու խնդիր է դնում:
 
Եվ այս տեսակետից շատ հավակնոտ է դառնում եռամյա այս կրթական ծրագիրը. այն իր մեջ ներառում է ուսուսմնական նոր բովանդակություն և արդեն մշակված ծրագիր»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մինչև սեպտեմբերի մեկը կվերապատրաստվեն համապատասխան ուսուցիչները, կիրականացվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները: 
 
Փոխըմռնման հուշագրով նախատեսված է կրթական ծրագրի իրականացում թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում: 
 
Ծրագրով նախատեսված է նաև «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծում:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: