Նորություններ

Արմեն Աշոտյանը պարգևատրել է մրցանակակիրներին

Կրթական 2015-03-30

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում տեղի է ունեցել քիմիայի առարկայական օլիմպիադայի փակման արարողությունը, որի մրցանակակիրներին շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իր ողջույնի խոսքում նախարարը նշել է. «Սիրելի´ քիմիկոսներ և օլիմպիականներ, ուրախ եմ, որ մեր դպրոցներում սովորում են ձեզ նման երեխաներ: Ես լավատեսորեն եմ տրամադված` կապված ձեր ապագայի հետ:
Նմանատիպ միջոցառումների ընթացքում մենք ոչ միայն բացահայտում ենք լավագույններին, այլև ցույց ենք տալիս մեր հասարակությանը և ժողովրդին, որ մեր շարքերում կան արժանավոր շատ երեխաներ, որոնց կարելի է վստահել մեր երկրի ապագան: 
 
Ես համոզված եմ, որ իրականում հաղթել են լավագույնները, սակայն նման բարդ ստուգատեսներում, հատկապես՝ բնագիտական առարկայական օլիմպիադաներում, յուրաքանչյուր երեխա, ով անցել է հաջորդ փուլ, միմիայն գովասանքի և ջերմ խոսքերի է արժանի: 
 
Մենք մեծ հույս ունենք, որ հենց ձեր շարքերից կլինեն այն մեդալակիրները, ովքեր մեր երկրին պարգևներ կբերեն միջազգային օլիմպիադաներից: Վերցրեք այդ ջահը նախորդ օլիմպիական սերնդի ձեռքերից և այս տարի նույնպես տարեք առաջ հանուն ձեր ապագայի, մեր ժողովրդի հպարտության և մեր երկրի պատվի:
 
Սա ձեր կյանքի գուցե առաջին, բայց ոչ ամենապայծառ հաջողությունն է. մնացած հաղթանակներն առջևում են»,- նշել է նախարարը: Նշենք, որ այս տարվանից առարկայական օլիմպիադաները նոր ձևաչափով են անցկացվել, որի շնորհիվ ավելի շատ աշակերտներ են մասնակցել հանրապետական փուլին: 
 
Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 43 հազար դպրոցական, որից 7000 աշակերտ մասնակցել է քիմիայի օլիմպիադային: Նրանցից հանրապետական փուլին է մասնակցել 109 աշակերտ: Արդյունքում 15 աշակերտ արժանացել է դիպլոմների, 19-ը` գովասանագրերի:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: