Նորություններ

Ազգային պատկերասրահը հյուրընկալեց Սևանի թիվ 4 դպրոցի աշակերտներին

Կրթական 2015-03-24

«Dasaran» կրթական ծրագրի կազմակերպած «Պատանի նկարիչ» մրցույթում հաղթող ճանաչված Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի 4 «բ» դասարանի աշակերտուհի Էլինա Խաչատրյանին և նրա դպրոցին պարգևատրելուց բացի, «Dasaran»-ն Էլինային ու նրա դասընկերներին հրավիրեց նաև Ազգային պատկերասրահ:

Ազգային պատկերասրահը ջերմ ընդունելությամբ հյուրընկալեց աշակերտներին և ուսուցիչներին: Աշակերտները մասնակից դարձան ինտերակտիվ շրջայցի, ծանոթացան հայ նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանի արվեստին, լսեցին նրա կյանքի և գործունեության մասին, դիտեցին նրա աշխատանքները:

Դպրոցականներն իմացան նաև, որ Հակոբ Գյուրջյանի քանդակները, ըստ նրա կտակի՝ տեղափոխվել են Ազգային պատկերասրահ: Աշակերտները շրջայց կատարեցին նաև հայ նշանավոր նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Մինաս Ավետիսյանի և այլ նկարիչների սրահներում, ծանոթացան նրանց աշխատանքներին:
 
Շրջայցի ժամանակ աշակերտները ծանոթացան հնագույն ժամանակներից պահպանված իրերի, որոնց մեջ կային նաև Սևանի Լճաշեն գյուղի դամբարանի պեղումներից հայտնաբերված իրեր: Կազմակերպվեց խաղ-միջոցառում, որի ժամանակ երեխաները նկարեցին իրենց նախընտրած քանդակները:
 
Ստացված նկարները հավաքելով՝ կազմեցին գեղեցիկ թղթապանակ՝ որպես հուշ իրենց այցելությունից Ազգային պատկերասրահ: «Dasaran» կրթական ծրագրի կազմակերպած այդ հրավերը նպաստեց երեխաների գեղագիտական դաստիարակությանը, արվեստին հաղորդակից լինելուն, ազգային արժեքներն առավել լավ ճանաչելուն:
 
Աշակերտները շատ գոհ ու բավարարված էին և տուն վերադարձան շատ մեծ տպավորություններով, արվեստի մասին գիտելիքների հարուստ պաշարով: Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, ծնողները և աշակերտները հատուկ շնորհակալություն են հայտնում «Dasaran» կրթական ծրագրի անձնակազմին նման հրաշալի նախաձառնության համար:             

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: