Նորություններ

Հանդիպում ուսանողների հետ

Կրթական 2015-02-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ուր շրջել է լսարաններում, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, մասնավորապես՝ հետաքրքրվել ուսանողներին մտահոգող խնդիրներով, նրանց ուսման առաջադիմությամբ և աշխատանք գտնելու հեռանկարով:

Արմեն Աշոտյանն այցելել է նաև բուհում տեղակայված Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոց, ծանոթացել դպրոցի կրթական ծրագրերին և հնարավորություններին: Բիզնես դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյանը նախարարին ներկայացրել է դպրոցում ուսման տևողությունը, ծրագրի առավելությունները, ընդունելության կարգը և դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներ:

Այնուհետև նախարարը եղել է ՀՊՏՀ գրադարանում, ծանոթացել թվայնացման գործընթացին, գրադարանի տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը գրադարանի անձնակազմից հետաքրքրվել է՝ ինչ ծավալի գրականություն է թվայնացվում, որքանով է այն ուսանողներին հասանելի և այլն:

«Ժամանակացույցով փորձում եմ բոլոր բուհերում տարվա մեջ մի քանի անգամ լինել և ծանոթանալ ինչպես ուսումնական գործընթացներին, այնպես էլ բուհի զարգացման ծրագրերին: Տնտեսագիտական համալսարանում բարեկարգման աշխատանքներ է իրականացվել, արդիականացվել է նաև կրթական գործընթացը համակարգչային լսարանների գրադարանի թվայնացման միջոցով՝ փորձելով առավել ժամանակակից միջավայր ապահովել ուսանողների համար:
 
Կարծում եմ` ոչ միայն Տնտեսագիտական համալսարանը, այլև առհասարակ Հայաստանի բուհական համակարգն իր միջազգայնացման շնորհիվ առավել ժամանակակից է այսօր և ակնհայտ է, որ ուսանողների մոտ փոխվում է նաև սովորելու նկատմամբ վերաբերմունքը և մոտիվացիան:
 
Ինչպես տեսաք՝ կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր զուգահեռ նաև աշխատում են, և ուսանողական սոցիալական խնդիրները, իհարկե, նույնպես մեր կրթականքաղաքականության մի մասն են: Վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար կրթության մատչելիության ապահովության ուղղությամբ»,- նշել է  նախարար Արմեն Աշոտյանը:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: