Նորություններ

Կայացել է շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի բացումը

Կրթական 2015-01-29

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացել է շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի պաշտոնական բացումը: Միջոցառմանը մասնակել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով կենտրոնի բացումը, նշել է, որ նախարարությունը լիարժեք և շարունակական աջակցություն կցուցաբերի կենտրոնին: «2009 թվականից առ այսօր Սմբատ Լպուտյանի հետ լծվել ենք «Շախմատը դպրոցում» ծրագրի իրականացմանը: Այս նախաձեռնությունը ՀՀ կրթական համակարգի լավագույն պատմություններից մեկն է: 
 
Գուցե վաղ է խոսել ծրագրի արդյունքի մասին, սակայն վստահեցնում եմ, որ կրթական նման լայնամասշտաբ նախաձեռնությունը պատիվ կբերի ցանկացած երկրի: Մենք տարիներ շարունակ ներմուծել ենք կրթական առաջատար տեխնոլոգիաներ. ներկայումս մենք հնարավորություն ունենք` ի դեմս շախմատի, ունենալ արտահանվող արդյունք: 
 
Վստահեցնում եմ ձեզ, որ տասնյակ երկրների նախարարներ մեծ հետաքրքրություն են դրսևորում «Շախմատը դպրոցում» ծրագրի հանդեպ»,-նշել է Ա. Աշոտյանը` տեղեկացնելով, որ մարտին Ս. Լպուտյանի հետ կներկայացնի ծրագրի արդյունքները ԱՄԷ-ում կայանալիք համաշխարհային կրթական համաժողովին: 
 
«Կենտրոնի բացումը լավագույն պատասխանն է երբեմն հնչող քննադատություններին: Իհարկե, այս ամենում կա հանրային կարծիքի ձևավորման լավագույն փորձ, երբ աշխարհի առատատար ԶԼՄ-ները լուսաբանում են վերոնշյալ ծրագիրը, որը մեր երկրի մասին դրական հիշատակումների անսպառ աղբյուր է»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ կենտրոնի բացմամբ ավելի խորքային վերլուծության կենթարկվի ծրագիրը և հիմք կհանդիսանա հետագա քաղաքականության շտկման համար:
 
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ավելի վաղ բուհում կայացած «Շախմատը կրթական համակարգում» համաժողովը երևույթ էր մեր երկրի գիտական կյանքում, քանի որ համաժողովին մասնակցել է 31 երկրի ներկայացուցիչ, հնչել են բազմաթիվ արժեքավոր գիտական զեկույցներ:
 
ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, նշել է. «Մենք պետք է այս ծառը ջրենք, հոգատար սիրով մեծացնենք, որպեսզի այն տա համեղ և օգտակար պտուղներ ոչ միայն մեր երկրի, այլ նաև ողջ աշխարհի համար»,-նշել է նա: 
 
Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը ներկայացրել կենտրոնի գործունեությունը, մարտահրավերներն ու նպատակները` ընդգծելով, որ կենտրոնի նպատակն է նպաստել հանրակրթական դպրոցում շախմատի ուսուցման որակի շարունակական բարելավմանը և իրականացնել այդ գործընթացի մշտադիտարկում:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: