Նորություններ

Հայ-ավստրիական մշակութային համագործակցությունն ամրապնդվում է

Ուշագրավ 2015-01-21

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվել է Ավստրիայի Հանրապետությունում, որտեղ հունվարի 18-ին ներկա է եղել Ավստրիայի «Կոնցերտհաուս» համերգասրահում (Կարինթիա երկրամաս, Քլագենֆուրտ) կայացած երգահան և դաշնակահար Կարեն Ասատրյանի երգչախմբի և ջազային քառյակի համար գրած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային:

Ստեղծագործությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և ավստրիացի հանդիսատեսի կողմից ողջունելության է արժանացել: Հաջորդ օրը՝ առավոտյան, նախարար Պողոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիայի արվեստների և մշակույթի, սահմանադրության և լրատվամիջոցների դաշնային նախարար, դոկտոր Յոզեֆ Օստերմայերի հետ: 

 
Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Նախարար Պողոսյանը և դաշնային նախարար Օստերմայերը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի մշակույթի նախարարության և Ավստրիայի վարչապետարանի միջև արվեստի և մշակույթի բնագավառում համագործակցության մասին:
 
Հունվարի 19-ի երեկոյան նախարար Պողոսյանը մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում դեսպանության կազմակերպած հայ արվեստին և Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառմանը:
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով կարևորել է նույն օրը Ավստրիայի վարչապետարանում ստորագրված հայ-ավստրիական մշակութային համագործակցության հուշագիրը, ներկայացրել մշակույթի ոլորտում երկու երկրների միջև ընթացող և նախանշվող գործակցության հանգրվանները:
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Հասմիկ Պողոսյանը, ով այնուհետև նախարարության կողմից սահմանված «Գրանշան» 2013թ. առաջին մրցանակի դիպլոմն է հանձնել ավստրուհի Լիզա Շուլցին:
 
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված, հեղինակի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակների հավաքածուի շնորհանդեսը, որը ներկայացրել է նախագծի հեղինակ Ռուբեն Տոնիկյանը:
 
Վիեննաբնակ հայաստանցի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիգեն Կզարթմյանը ներկայացրել է Կոմիտասին նվիրված իր «Ծիրանի ծառ» երաժշտական նախագիծը, որը Կոմիտասի դրամատիկ և հոգևոր ստեղծագործությունների վերամշակման փորձ է ժամանակակից կինոերաժշտության արտահայտչաձևերով՝ գործիքավորված դասական-սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական գործիքների համար:
 
Աղբյուրը՝ armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: