Նորություններ

Դպրոցականներն այցելեցին ԵՊՀ

Կրթական 2014-12-19

Մասնագիտական կողմնորոշման և ԵՊՀ-ի հետ անմիջական կապի ամրապնդման նպատակով դպրոցականների՝ Մայր բուհ այցերը շարունակվում են: Այսպես, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի համար 2 հիմնական, Լեռնագոգ գյուղի միջնակարգ և Քարակերտ գյուղի համար 2 միջնակարգ դպրոցների աշակերտները հանդիպել են համալսարանականների հետ:

Շատ հաճախ աշակերտները լինում են նաև համալսարանի տարբեր ֆակուլտետներում, հանդիպումներ ունենում դեկանների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Դպրոցականները Պատմության ֆակուլտետում` Վարդան Բախշյանի անվան լսարանում, հանդիպեցին դեկան Էդիկ Մինասյանի, դասախոսների և Վարդան Բախշյանի ուսանողական ընկերների հետ:

Հարկ է արձանագրել, որ այս դպրոցի ներկայացուցիչներն արդեն 18 տարի շարունակ ճիշտ նույն օրը, այցելում են Պատմության ֆակուլտետ, իսկ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակներում այցելում են նույն դպրոցն ու պարզում աշակերտների նախասիրություններն ու հետաքրքրությունները:
 
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ողջունելով դպրոցականներին, պատասխանեց նրանց հետաքրքրող և հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին ու ֆակուլտետում գործող մասնագիտություններին: Պարոն Մինասյանը ներկայացրեց նաև 95-ամյա ֆակուլտետի կառուցվածքը, ուսանողական կառույցներն ու մագիստրոսական ծրագրերը:
 
Հաջորդ հանդիպումն էլ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում էր: Բաղրամյանի շրջանի Լեռնագոգ գյուղի 11-րդ դասարանի աշակերտները հանդիպեցին ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի հետ, ներկայացրին իրենց հուզող հարցերը, իսկ Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի շուրջ 30 աշակերտ մի քանի ուսուցիչների հետ այցելեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
 
Դեկան Գագիկ Ղազինյանը ապագա դիմորդներին ներկայացրեց «Իրավագիտություն» մասնագիտության կարևոր ու առանցքային կետերը: Հանդիպման ընթացքում դպրոցականները տեղեկացան նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ֆակուլտետում գործող ուսանողական կառույցների ու համալսարանական ակումբների մասին: 
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: