Նորություններ

Հանդիպում հայ ուսանողների հետ

Կրթական 2014-11-27

Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովի շրջանակներում Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ դեսպանությունում հանդիպումներ է ունեցել Բուխարեստի համալսարանի հայոց լեզվի դասախոս, դոկտոր Աիդա Մարկոսյանի և միջպետական կրթաթոշակներով Ռումինիայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ:
Կարևորելով հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից, ինչպես նաև բարձր գնահատելով դոկտոր Աիդա Մարկոսյանի ներգրավվածությունն այդ գործում, մասնավորապես՝ ռումինախոսների համար Հայոց լեզվի դասագրքի հրատարակումը՝ նախարար Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակել աջակցությունը հայերենի դասընթացներին թե՛ Բուխարեստի, թե՛ Կլուժի համալսարաններում:
 
Ուսանողների հետ հանդիպմանը նախարար Աշոտյանը ներկայացրել է այն գերակայությունները, որոնք Հայաստանն ակնկալում է միջպետական կրթական ծրագրերից, ապա պատասխանել  ուսանողների հարցերին: 
 
Արմեն Աշոտյանն այցելել է նաև Բուխարեստի Հայոց կենտրոն և հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի, ուսանողների փոխանակման, հայերենի ուսուցման և հայագիտության զարգացման հետ կապված հարցեր:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: