Նորություններ

Ամփոփվել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթը

Կրթական 2014-11-26

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ է ամփոփվել «Լավագույն ուսուցիչ» մրցույթը, որն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ:
Տերունական աղոթքից հետո հանդիսությունը մեկնարկեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով:
 
Ողջունելով մրցանակաբաշխության առիթով Հայաստանի տարբեր մարզերից Մայր Աթոռ ժամանած ուսուցիչներին` Վարդան եպիսկոպոսն անդրադարձավ Վեհափառ Հայրապետի՝ մրցույթի հաստատման կարևորությանը և ուսուցչի մարդակերտման ծառայության խորհրդին:
 
Վարդան Սրբազանը սերունդների հոգևոր դաստիարակությանը, ճշմարիտ արժեքների սերմանմանը միտված ծրագրերի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգածության համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և նախարարության անձնակազմին սերտ և բեղմնավոր գործակցության կապակցությամբ:
 
Հանրապետական մրցույթի արդյունքներն ամփոփեց ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Ուսուցիչներին շնորհավորեց նաև ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը` կարևորելով եկեղեցի-պետություն համագործակցությունը կրթական ոլորտում:
 
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաղթող ուսուցիչներին հանձնեց մրցույթի մասնակցության վկայականները, սահմանված պարգևները: Մրցանակաբաշխությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով և օրհնությամբ: 
 
Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց, որ մրցանակաբաշխությունն անց է կացվում Մայր Աթոռում, որտեղ հաստատվել և գործել է ազգային առաջին կրթական հաստատությունը, առաջին դպրոցը, ուր մանկավարժի, ուսուցչի պատվավոր աշխատանքն են իրականացրել Սահակ Պարթև Հայրապետը և Մեսրոպ Մաշտոց Վարդապետը:
 
Աղբյուրը՝ www.armenianchurch.org

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: