Նորություններ

«Տասը կույսերի առակը» խորագրով միջոցառում

Կրթական 2014-11-20

Նոյեմբեր ամսին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ նախատեսվել էր ՀՀ հանրակրթական դպրոցներում անցկացնել Ավետարանական առակների մրցույթ-միջոցառումներ:
Արմավիրի մարզի Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում ևս անցկացվեց միջոցառում, որի թեման էր «Տասը կույսերի առակը»: Միջոցառումը կազմակերպել էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Արմինե Խրլակյանը:
 
Միջոցառմանը մասնակցեցին X «ա» դասարանի թվով քսան աշակերտ, IX դասարանի տասը աղջիկն, իսկ Հիսուս Քրիստոսի կերպարը մարմնավորեց XI «ա» դասարանի շնորհալի աշակերտ Ասրյան Ստյոպան, ով իր ելույթով հուզիչ պահեր պարգևեց հանդիսատեսին:
 
Միջոցառման նպատակն էր առակի միջոցով ներկայացնել աստվածային ճշմարտությունները և այսօրվա իրականության մեջ տեսնել մեզ ուղղված դրանց հոգևոր խորհուրդը:
 
Միջոցառումը բաղկացած էր նախաբանից, որի ընթացքում աշակերտները ներկայացրեցին առակի բովանդակությունը և Հիսուս Քրիստոսի իր խոսքն առակի միջոցով մարդկանց ներկայացնելու կարևորությունը:
 
Միջոցառման երկրորդ փուլում ներկայացվեց բեմականացում, որի ընթացքում բեմադրվեց «Տասը կույսերի առակը»: Իմաստուն կույսերն արտահայտեցիբ «Տասը պատվիրանները», «Երանիները», «Ոսկե կանոնը», «Սերը», Գրիգոր Նարեկացու աղոթքները, երգեցին «Սուրբ Աստված» շարականը: Իսկ հիմար կույսերը անհաղորդ մնացին իմաստուն կույսերի աղոթքին:
 
Գեղեցիկ կերպով ներկայացվեց նաև փեսայի գալուստը: Հրեշտակները ծաղիկներ և ժապավեններ բաժանեցին իմաստուն կույսերին, որոնք էլ «Ավե Մարիա» երաժշտության ներքո պար ներկայացրեցին:
 
Հիմար կույսերը, որոնք գնացել էին պահեստի ձեթ գնելու, վերադարձան և հարսանյաց հանդեսի դուռն իրենց առջև փակ տեսան: Նրանց բազմաթիվ աղաղակներին և խնդրանքներին որպես պատասխան լսվեց Տիրոջ ձայնը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չէմ ճանաչում, արթուն կացեք, որովհետև չգիտեք ո′չ օրը և ո′չ էլ ժամը»:
 
Միջոցառման երրորդ փուլում մեկնաբանվեց առակի իմաստը: Առակի մեկնությունը բազմիմաստ էր` պահեստի ձեթը առաքինությունների և բարեգործությունների պաշար ունենալն է, որով միայն իմաստունները կարող են Երկնքի Արքայության հարսնետունը մտնել, որտեղ փեսան Քրիստոսն է, իսկ հարսը` եկեղեցին:
 
«Տասը կույսերի առակի» վերջաբանը զուգակցված էր «Վերջին դատաստանը» առակին, որտեղ առաքինությունների և բարեգործությունների պակասի և բացակայության դեպքում Երկնքի Արքայության դռները փակվում են հիմարների առջև:
 
Առակի մեկնության ավարտին աշակերտները ներկայացրեցին յոթ առաքինությունները՝ կոչ անելով լինել բարի, աշխատասեր, գթասիրտ, խոնարհ, ողջախոհ, հեռու վանել յոթ մոլությունները` հպարտությունը, բղջախոհությունը, նախանձը, ծուլությունը, բարկությունը, ագահությունը, որկրամոլությունը:
 
Միջոցառումն ավարտվեց Հիսուս Քրիստոսի հետևյալ պատգամով՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, և ով հավատա, նա կփրկվի»: Միջոցառումը հետաքրքիր և տպավորիչ էր իր բովանդակային ներկայացման առումով: Լսվեցին գովեստի բազմաթիվ խոսքեր:
 
Իսկ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Գյուլնազ Գրիգորյանն ու Դավիթ սարկավագը ողջունեցին միջոցառման կազմակերպչին և մասնակից աշակերտներին, մաղթեցին բոլորին լինել բարի, մշտապես Աստծո ներկայությունը զգալ իրենց մեջ, հաճախ այցելել եկեղեցի և մասնակցել պատարագի:
 
Դպրոցի տնօրեն տիկին Սիլվարդ Թադևոսյանը գովեստի խոսքեր ասաց միջոցառման մասնակիցներին և բոլորին մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ուսման մեջ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: