Նորություններ

Կայացել է հերթական նիստը

Կրթական 2014-10-31

Ըստ ՀՀ կրթության և գիտության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց՝ կրթության գերազանցության ազգային ծրագրի ներկայացում և ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման ու ֆինանսական արդյունավետության մոնիթորինգի արդյունքների ներկայացում:

Նիստի սկզբում նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ կոլեգիայի կազմում կատարվել է փոփոխություն՝ մեծացվել է հանրային սեկտորի ներկայացուցիչների ընդգրկվածությունը, մասնավորապես՝ կոլեգիայի աշխատանքներին այսուհետ կմասնակցի նաև «Բաց հասարակության հիմնադրամներ»  կազմակերպության ներկայացուցիչը:

 
Նիստին նախարարի առաջարկությամբ  մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի և  Հանրային խորհրդի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերի հանրային նշանակությունը:
 
Կրթության գերազանցության ազգային ծրագիրը մշակվել է որպես հայկական բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք Լոնդոնի կրթության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ:
 
Առաջարկվում է հայկական ծրագիրը կոչել Արարատյան բակալավրիատ, որն անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց: Գերազանցության կենտրոնի ծրագրի առաջին  փուլով առաջարկվում է իրականացնել ուսուցիչների վերապատրաստում և հավաստագրում միջազգային չափորոշիչներով:
 
Առաջարկվող տարբերակով  հավաստագրմանը կարող են մասնակցել առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված  մասնագետի աստիճան ունեցող, համապատասխան վերապատրաստման դասընթացին մասնակցած  ուսուցիչները: 
 
Առաջին փուլում ծրագիրը կներդրվի ՀՀ 12 դպրոցում, որից 10-ը` մարզերում, 2-ը՝ Երևանում, ինչպես նաև ԼՂՀ մեկ ավագ դպրոցում:  Այնուհետև աստիճանաբար այն կտարածվի և կընդգրկի ավելի մեծ շրջանակներ: Գերազանցության ազգային ծրագրի ներկայացումից հետո կոլեգիայի անդամները հարցեր են ուղղել հեղինակներին դրա իրականացման մեխանիզմների, նախագծում առկա բացթողումների ու թերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են մի շարք դիտողություններ ու առաջարկություններ:
 
Հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները՝ որոշում է կայացվել հեղինակային խմբին հնարավորություն տալ ծրագիրը լրամաշկել և մինչ հանրային ավելի լայն քննարկումների դնելը մեկ անգամ ևս  ներկայացնել կոլեգիայի դատին: Միաժամանակ որոշվել է  դիմել Ազգային ժողովին Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկությամբ:
 
Գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի կառավարության հաստատմանը: 
 
Այնուհետև կոլեգիան անցել է օրակարգի երկրորդ հարցի քննարկմանը: Ավագ դպրոցներում ֆինանսական արդյունավետության մոնիթորինգն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ»  կազմակերպության ֆինանսական աջակցությամբ  «Համայնքների ֆինանսիստների միավորում»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
 
Անկախ մոնիթորինգի դիտարկման նախնական արդյունքները ներկայացրել է փորձագիտական խմբի ներկայացուցիչ Վահրամ Շահբազյանը:  Մշտադիտարկումն իրականացվել է Երևանի և 4 մարզերի 18 ավագ դպրոցներում: Դիտարկման ընթացքում ուսումնասիրվել է ավագ դպրոցների ֆինանսավորման բանաձևը, սովորողների հաճախելիությունը, կրթության որակը՝ հիմքում դնելով առաջադիմության ցուցանիշները:
 
Մոնիթորինգի շրջանակում կատարվել են հարցումներ սովորողների և ծնողների շրջանում, դիտարկվել են դասարանների խտության, ուսուցիչների ծանրաբեռնվածության և բազմաթիվ այլ հարցեր: Ըստ նախնական  արդյունքների մոնիթորինգ իրականացնող փորձագետները բարձրացրել են ֆինանսավորման բանաձևում փոփոխություն կատարելու և ավագ դպրոցների ֆինանսական հաշվետվողականությունը հանրության առջև ավելի բարձրացնելու, դասարաններում աշակերտների միջին  խտությունը թեթևացնելու և մի շարք այլ հարցեր: 
 
Քննարկման ընթացքում  որոշվել է մինչ զեկույցի հրապարկումն անկախ մոնթորինգի  արդյունքներն աշխատանքային կարգով քննարկել ԿԳ նախարարության պատասխանատուների և առանձնացված ստորաբաժանումների  հետ: 
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: