Նորություններ

«Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի դպրոցական փուլը Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում

Կրթական 2014-10-21

Հանրապետության դպրոցներում արդեն երկու ամիս է, ինչ մշակութային եռուզեռ է: Կազմակերպվող բաց դասերն ու բանավեճերը, ասմունքի ու երգի մրցույթները դպրոցականների համար ինքնադրսևորվելու, իրենց կարողությունները ցուցադրելու լավ հնարավորություն են։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում դեռ նախորդ շաբաթ  հայտարարված էր ռուսաց լեզվի շաբաթ "Выучи русский язык" կարգախոսով: Բացմանը մասնակցում էին ինչպես դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, այնպես էլ բազմաթիվ ծնողներ և հյուրեր: Նպատակն էր կարևորել օտար լեզուների իմացությունը և ցույց տալ, թե որքան գեղեցիկ ու հարուստ է ռուսաց լեզուն:
 
Ռուսաց լեզվի մեկամսյակի շրջանակներում Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում  անցկացված միջոցառումները եզրափակվեցին «Երգը բարեկամության կամուրջ է» ցերեկույթի ուրախ և խանդավառ ակորդներով: Այն ռուսերենով հնչող երգի և ասմունքի տոնակատարություն լինելուց բացի, վերածվել էր հայ-ռուսական բարեկամության փառաբանման երկու ժողովուրդների և նրանց հարուստ մշակույթների առնչությունների ներկայացմամբ:
 
Բարեկամության կամուրջ դարձած երգը, հիրավի, հաճելի պահեր պարգևեց ցերեկույթի մասնակիցներին, իսկ կատարողների շուրթերից հնչող ռուսերենը ոչ միայն ճիշտ էր արտաբերվում, այլև գրագետ էր ու ականջ շոյող։
Մրցույթին բացման խոսքով ներկայացավ դպրոցի տնօրենը՝ Անահիտ Սահակյանը, ով նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունը շատ հին է: Տնօրենն ընդգծեց նաև, որ օտար լեզվի լավ իմացության համար պարտադիր չէ թեքումով դպրոց ունենալը, քանզի յուրաքանչյուր առարկայի լավ դասավանդմամբ է պայմանավորված նրա յուրացումն ու տիրապետումը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Օհանյանը կարևորեց Հայաստան-Ռուսաստան դարավոր բարեկամությունը: Իր խոսքում նա նշեց, որ հանրակրթական դպրոցներում կազմակերպվող միջոցառումները նպաստում են պատմության վերհիշմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, միջմշակութային երկխոսությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:
 
Միջոցառման նպատակն էր հայ դպրոցականին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին: Օհանյանը նկատեց նաև, որ այս նախաձեռնությունը տաղանդների հայտնաբերման հիանալի միջոց է։ Միջոցառման ընթացքում Վարդենիսի տարածքի մի շարք դպրոցների աշակերտների շուրթերից հնչեցին ռուսական ժողովրդական, հայրենասիրական և էստրադային երգեր:
 
Գրական-երաժշտական ցերեկույթն ավարտվեց ռուսական և հայկական ժողովրդական պարով, որը ներկայացրեց Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի «Սասուն» պարային համույթը։ Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի սաներն ապացուցեցին, որ երգ ու պարով կարող են ամուր պահել բարեկամության կամուրջները:
 
Հարկ է, որ Եսենինի, Դոստոևսկու, Տոլստոյի, Լերմոնտովի, Պուշկինի, Մենդելեևի լայնահունչ ու լուսածիր լեզուն պահպանի իր հարգը նոր սերնդի մեջ` դառնալով շփման և հաղորդակցման ևս մեկ կամուրջ երկու ժողովուրդների և նրանց հարուստ մշակույթների միջև:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: