Նորություններ

Կայացել է «Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» գիտաժողովը

Կրթական 2014-10-21

Oրերս Ծաղկաձորում անց է կացվել «Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով տարածաշրջանային միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 95 և Հայ բանասիրության ֆակուլտետի մանկավարժության ամբիոնի 93-ամյակներին: Ոլորտին վերաբերող հարցերը գործընկերների հետ քննարկելու համար Ծաղկաձորում էին հավաքվել հայ, իրանցի և վրացի գիտնական-մանկավարժները:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, պատգամավորներ ՀՀ և ԼՂՀ ազգային ժողովներից:
 
«Այսօր մեր տարածաշրջանի բոլոր երկրների կրթության համակարգերում և մանկավարժության գիտության մեջ կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք քննարկման, մեկնաբանման կարիք ունեն, և սա այն լավագույն միջոցն է, որպեսզի մեկտեղենք երեք երկրների գիտնական-մանկավարժների փորձը»,-նշել է Մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը:
 
«Հուսով եմ՝ այս գիտաժողովը կնպաստի ոչ միայն մանկավարժական մտքի զարգացմանը, այլև մեր երեք երկրների միջև նոր կապերի հաստատմանը»,-բացման արարողության ժամանակ նշել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
 
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին էլ շնորհակալություն է հայտնել ԵՊՀ-ին տարածաշրջանային նշանակության նմանօրինակ միջոցառումներ պարբերաբար կազմակերպելու համար: Վեհափառի խոսքը գիտաժողովի մասնակիցներին փոխանցել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
 
Գիտաժողովի բացման արարողության ընթացքում ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը շնորհակալագրեր է հանձնել գիտաժողովին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերած կառույցների ղեկավարներին: Ցուցադրվել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 93-ամյա գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմը:
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: