Նորություններ

Հայկական ծրագիրը տարածում է գտնում աշխարհում

Կրթական 2014-10-20

«Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային կոնֆերանսի շրջանակներում Հայաստան էին ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ: Կոնֆերանսին ելույթ է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ Հայաստանի համար շախմատը ազգային հպարտության մի մաս է կազմում, եթե նախկինում այն ուներ միայն մարզային իմաստ, ապա 2011թ.-ից այն դարձել է դպրոցի պարտադիր առարկա և ստացել է նաև կրթական իմաստ:
«Հայաստանը առաջինն է շախմատը ներմուծել դպրոցներում որպես պարտադիր կրթական առարկա: Հայկական փորձը բացառիկ երևույթ է, որովհետև զրոյից ստեղծել ենք նոր կրթական ծրագիր, որը պատրաստ ենք կիսել աշխարհի հետ: 
 
Առաջին անգամ կոնֆերանսի միջոցով Հայաստանը կարող է նաև առաջարկել իր լավագույն կրթական փորձը: Դպրոցում այս ծրագիրը նպաստում է երեխաների առաջնորդության զարգացմանը:
 
Մենք չենք հավակնում, որ բոլորը դառնալու են չեմպիոններ, թեև դեմ չենք, բայց մեր նպատակն այն է, որ շախմատի միջոցով կարողանանք զարգացնել երեխաների առաջադիմությունը նաև այլ առարկաների հանդեպ»,-նկատել է նախարարը` հավելելով, որ հայկական այս ծրագիրը առաջացրել է միջազգային հանրության ուշադրությունը:
 
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը նշել է, որ Հայաստանի՝ շախմատը դպրոցներում դասավանդելու ծրագիրը թարգմանվել է տարբեր լեզուներով և հույս հայտնեց, որ առաջիկայում էլ ավելի մեծ տարածում կգտնի:
 
 «…Ծրագիրն սկսվել է տարածվել ձեր երկրի շնորհիվ: Այստեղ բոլորը շնչում են շախմատով, և դա, կարծում եմ, ձեր արյան մեջ է: Հայաստանը միակն էր, որ կարճ ժամանակում դարձավ օլիմպիադայի եռակի չեմպիոն, նման բան չեն կարողանում անգամ ամենամեծ երկրները: Հայաստանը փոքր երկիր է, բայց երեք անգամ նվաճել է օլիմպիական ոսկի»,-նշել է նա:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: