Նորություններ

Ազդարարվել է «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողովի մեկնարկը

Կրթական 2014-10-16

Ս.թ. հոկտեմբերի 16-18-ը անցկացվելու է «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողով, որը նախաձեռնել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ինչպես նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիան Հայաստանի շախմատի ակադեմիան Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ:
Գիտաժողովի մեկնարկն ազդարարել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
 
Ա. Աշոտյանը, ողջունելով գիտաժողովի անցկացումը Հայաստանում, նշել է, որ հպարտության զգացում ունի այդ առթիվ:  «Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն իսկապես հաջողված կլինի, և մենք հետևողական կլինենք, քանի որ գաղափարը, լինելով շատ գայթակղիչ, նաև պահանջում էր տքնաջան աշխատանք բոլոր մակարդակներում:
 
Առաջինը լինելը միշտ դժվար է, որովհետև մենք ստիպված էինք ինքնուրույն մտածել՝ ինչպես ներմուծել մի բովանդակություն, ինչպես այդ բովանդակությունը հարմարեցնել գործող կրթական համակարգին, ինչպես ապահովել մանկավարժների գիտական համապատասխան մակարդակը, ինչպես գտնել ֆինանսավորում և այլն:
 
Այսօր արդեն կարող եմ վստահությամբ փաստել, որ Շախմատի ֆեդերացիայի, Շախմատի ակադեմիայի հետ միասին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականություն դարձրեց այս նախագիծը: Սա այլևս նախագիծ էլ չէ. սա մեր կրթական համակարգի բաղկացուցիչ, ամենօրյա աշխատանքի մի մասն է…»,-ընդգծել է նախարարը:
 
Ս. Լպուտյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը շախմատն ընդգրկել է կրթական համակարգ, և Հայաստանի փորձն ու աշխատանքը հետաքրքրել է ամբողջ աշխարհին: 
 
Գիտաժողովը տեղի կունենա Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: