Նորություններ

Կարևորագույն ձեռքբերում սահմանամերձ գյուղի դպրոցի համար

Կրթական 2014-09-30

Սեպտեմբերի 28-ին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում կայացավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի 6-րդ հանրապետական մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը: Հանրապետական եզրափակիչ փուլի լսումները տեղի էին ունեցել սեպտեմբերի 26-ին և 27-ին:
Հանրապետական փուլին բարձր տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը ներկայացնում էր մարզի սահմանամերձ Փամբակ գյուղի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցը, քանի որ օգոստոսի 15-ին կայացած վերոնշյալ մրցույթի մարզային փուլում իրենց տարիքային խմբում Փամբակ-Դարանակի աշակերտներ Հերմինե Կոստանդյանը, Անի Դաշյանը և Հայկուհի Գասպարյանը գրավել էին առաջին պատվավոր հորիզոնականը՝ ղարաբաղյան բարբառով ներկայացնելով «Պլըպուղին և իր զվարճախոսությունները» մանրապատումների շարքը:
 
Հանրապետական փուլը ևս սահմանամերձ գյուղի աշակերտների համար հաղթական եղավ: Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի սաները գրավեցին երկրորդ հորիզոնականը: Հաղթանակը դպրոցի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որի համար դպրոցական անձնակազմը շնորհակալ է նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Գեորգյանին աշակերտների հետ տքնաջան աշխատելու համար և աշակերտներին՝ իրենց դրսևորած տաղանդի ու աշխատասիրությոն համար: 
 
Փամբակ համայնքի բնակիչները սրտանց շնորհավորել են դպրոցի տնօրինությանը, ուսուցչական անձնակազմին և, իհարկե, աշակերտներին: «Ես ոգևորված եմ մեր աշակերտների հաջողությամբ, հանրապետության մասշտաբով մեր այս սահմանամերձ գյուղի համար 2-րդ հորիզոնականը ավելին է, քան հաղթանակը: 
 
Միայն հանրապետական փուլին հասնելը պատվաբեր է ոչ միայն դպրոցի, այլև ողջ համայնքի համար: Ես սրտանց շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը, ուսուցչական անձնակազմին, մասնակից սաներին և, իհարկե, Մելինե Գեորգյանին: 
 
Հույս ունեմ, որ նման հայապահպան միջոցառումներին մեր դպրոցի ու մեր սաների մասնակցությունն ու հաղթանակը շարունակական կլինի»,- նշել է համագյուղացի Գևորգ Գյուլումյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: