Նորություններ

Դիմորդների թիվը նվազել է

Կրթական 2014-07-24

Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի դիմորդների թիվը նվազել է գրեթե 2000-ով: Այս մասին նշել է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:
Այս տարի ԵՊՀ-ն հայտագրել էր 356 անվճար և 3046 վճարովի տեղ: Անվճար համակարգ են ընդունվել 389 հոգի, 2745-ը ընդունվել են վճարովի համակարգ:
 
Հուլիսի 15-20-ը անց է կացվել թափուր տեղերի համար մրցույթը, որը դրական միավորներով դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տալիս ընտրելու այլ մասնագիտություններ:
 
«Այս տարի, ցավոք սրտի, թափուր տեղեր շատ ունեինք՝ 461, որի համար դիմել էր 70 հոգի: Մինչև հուլիսի 25-ը կհրապարակվեն թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները, և առկա ուսուցման համակարգի ընդունելությունը կավարտվի:
 
Այն դիմորդները, ովքեր պատրաստվում են զորակոչվել բանակ, 118-ն են: Նրանք կարող են վճարել մեկ կիսամյակի ուսման վարձը այսօրվա գործող վարձաչափով և հրամանագրվել որպես ուսանող կամ վճարել զորացրվելուց հետո այդ ժամանակ գործող վարձաչափով»,- նշել է Վաչագան Գալստյանը:
 
Ամփոփելով 2014/2015 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները` ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն ընդգծել է.«Ընդհանուր առմամբ ընդունելության գործընթացը գոհացուցիչ է: Մտահոգության տեղիք է տալիս որոշ ֆակուլտետներում չափից ավելի թափուր տեղերի քանակը:
 
Դա, սակայն, ազդակ է մեզ համար, որպեսզի հասկանանք՝ ինչ փոփոխություններ է պետք անել մյուս տարվա ընդունելության համար: Այս տարի մասնագիտությունների ցանկում կատարել ենք բավականին շատ փոփոխություններ, ինչն արդյունք տվեց:
 
Օրինակ՝ գոհ ենք ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների համալրումից»:
 
Աղբյուր` www.ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: