Նորություններ

Գարնանը նվիրված միջոցառում Վաղարշապատի թիվ 11 հիմնական դպրոցում

Կրթական 2014-04-25

«ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵ՛Ք, ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ» խորագիրն էր կրում գարնանը նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Վաղարշապատի թիվ 11 հիմնական դպրոցի 7ա դասարանը: Միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, ծնողական և աշակերտական խորհրդի անդամներ:
Գարնանաշունչ բանաստեղծություններով, գարնանաբույր ծաղիկներով գարունն ասես դասարան էր մտել ու բոլորին համակել զարթոնքի տրամադրությամբ: Գարնանային թեմային զուգակցված՝ աշակերտները ներկայացրեցին մայրությանը նվիրված բանաստեղծություններ, երգեր, բեմականացում: 
 
Մայրերին անչափ ուրախություն պատճառեցին երեխաների ձեռքով պատրաստած նվերները: Հատկապես ձևավորած բացիկներն ու շնորհավորանքի խոսքերը հուզեցին մայրիկներին: Միջոցառումն անցնում էր գեղեցիկ անակնկալներով: Ներկաներին հետաքրքրել էր մորը նվիրված  ստեղծագործական շարադրություններից ընթերցված  հատվածները: Աշակերտները շնորհավորանքի խոսքեր ուղղեցին ուսուցչուհիներին, նրանց ծաղիկներ  և գեղեցիկ ակրոստիքոսներ նվիրեցին: Միջոցառմանը մասնակցում էին դասղեկ Ա. Մանուկյանի շրջանավարտները: Նրանց գալը և շնորհավորանքներն ուղղված ուսուցիչներին նույնպես անակնկալ էր: Միջոցառումը եզրափակվեց  Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛» պատմվածքի բեմականացմամբ: Բեմականացմանը մասնակցող Միլենայի, Հայկի, Լաուրայի և Արտյոմի խաղը առանձնապես դուր եկավ ներկաներին: 
 
Այսպես գեղեցիկ անակնկալներով, երգ ու պարով, բարձր տրամադրությամբ անցավ մայրության և գեղեցկության միամսյակը ամփոփող միջոցառումը:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: